Բաժիններ՝

Ժնևում գտնվող սիրիական ընդդիմությունը պահանջում է դադարեցնել ռուսական ավիահարվածները

Ժնևում գտնվող սիրիական ընդդիմության ներկայացուցիչները պահանջում են դադարեցնել ռուսական ավիահարվածները: Այս մասին լրագրողներին հայտնել է Սիրիայի ընդդիմության բանակցությունների հարցով բարձրագույն կոմիտեի մամլո քարտուղար Սալիմ ալ-Մուսլատը:

«Ահա բացառիկ կարևորության երեք հարցերը՝ պաշարման վերացում, կանանց ու երեխաների ազատ արձակում, ռուսական ու ռեժիմի ռազմական ինքնաթիռների թռիչքների կասեցում»,- ասել է նա Ժնևում, որտեղ ՄԱԿ-ի հովանու ներքո սկսվել են Սիրիայի հարցով բանակցությունները:

Հիշեցնենք, որ Սիրիայի ընդդիմության պատվիրակությունը երեկ ժամանել է Ժնև, ինչից հետո հայտարարվել է բանակցությունների պաշտոնական մեկնարկի մասին:
«Ներկայացված են բոլոր հեղափոխական խմբակցությունները, ներառյալ «Ջայշ ալ-Իսլամը»: Իրականում, եթե խոսենք Սիրիայում ահաբեկչության մասին, ապա Ռուսաստանը ահաբեկիչներ է համարում երկրի ողջ բնակչությանը, բացի Բաշար ալ-Ասադից»,- ասել է Մուսլատը՝ պատասխանելով Russia Today-ի լրագրողի հարցին:

«Ցավոք, Սիրիայում մարդկանց սպանում է ռեժիմը, իսկ նրան օգնում է, ես չէի ասի, թե դա անում է ռուս ժողովուրդը, որին դուք պատկանում եք, այլ դա անում է Ռուսաստանի կառավարությունը, ու ի վերջո դա կհանգեցնի նոր Հիտլերի առաջացմանը»,- հայտարարել է նա:

Սիրիայի ընդդիմադիրները համաձայնել են մասնակցել Սիրիայի հարցով բանակցություններին միայն անցած ուրբաթ օրը՝ պայմանով, որ խոսելու են միայն ՄԱԿ-ի դիվանագետների հետ ու չեն բանակցելու Բաշար Ասադի կառավարության ներկայացուցիչների հետ:

Զինադադարը բանակցությունների գլխավոր նպատակն է: Այն ներառում է անցումային շրջանի սահմանում, որը ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևով պետք է ավարտվի ընտրություններով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս