Որտեղ է այժմ Վահան Մարտիրոսյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթկ գրում է. «Ներազգային ազատագրական շարժման հիմնադիր» Վահան Մարտիրոսյանը դեռ անցնող տարվա վերջերին շարունակում էր մնալ ադրբեջանական ԶԼՄ-ների «մատի փաթաթանը»։ Վերջին շրջանում, սակայն, նրա մասին մոռացել են։ Որտեղ են հիմա Վահան Մարտիրոսյանը, կինն ու փոքրիկ երեխան։ Նրանց կտեղափոխե՞ն այլ երկիր, թե՞ կապրեն Ադրբեջանում։ Հայաստանի առաջին օմբուդսմեն, այժմ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը պատմում է, որ նման դեպքերում սովորաբար այդ մարդկանց պահում են անազատության մեջ։ Տիկին Ալավերդյանը պատմում է, թե նախորդ դեպքերից մեկում ինչ ընթացք ստացավ ընտանիքի ճակատագիրը. «Ադրբեջանցիները 3 տարուց ավելի այդ ընտանիքը պահել են իրենց մոտ, օգտագործել են առնվազն քաղաքական պրոպագանդայի համար, հետագայում վերադարձրել են Հայաստան։ Այո, դեպքեր են եղել, երբ իրենց ուղարկել են 3-րդ երկիր, ի դեպ մենք էլ, երբ դիմել են մեզ սահմանն անցած մարդիկ, դիմել են խնդրանքով, որ երրորդ երկիր տեղափոխվեն։ Դա բավականին երկար է տեւում, ինչու, որովհետեւ դա Կարմիր խաչի գործունեությունը չէ, այլ ՄԱԿ-ի միջոցով է արվում։ Այսինքն՝ դիմումատուն դիմում է ՄԱԿ, ՄԱԿ-ն սկսում է դիմել տարբեր պետություններ, որ կարողանա ստանալ համաձայնություն որեւէ երկրի կողմից։ Հիմա դուք պատկերացնում եք Եվրոպայում ինչ է տեղի ունենում։ Այդ առումով անորոշ է այդ ժամկետը»։ Հնարավոր է, որ Վահան Մարտիրոսյանին էլ Հայաստան վերադարձնեն՝ ընտանիքի հետ։ «Այս դեպքում էլ պետք է զուգահեռներ անցկացնեմ։ Մյուս ընտանիքի հայրը, ինքն էլ էր ասում, որ փախուստի է դիմել, որովհետեւ իրեն հետապնդում են, որովհետեւ իրեն վտանգ է սպառնում, բայց արի ու տես, որ իրեն վերադարձրել են։ Հիմա թե ինչպես կլինի այստեղ… եղել են դեպքեր, երբ տեղափոխել են երրորդ երկիր, խոսքը գնում է անձանց մասին, ոչ թե ընտանիքների։ Ընտանիքներով տեղափոխվածների մասին ես չգիտեմ։ Եղել է, որ 3 տարի եւ ավել պահել են, բայց հետո իրենց տեղափոխել են, երրորդ երկիր, չգիտեմ, դա անուղղակի տեղեկություններ են»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: