«Անկարելի է որևէ մարդու ասած լինեմ, որ իրեն չբուժեք, թող մահանա». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վիրահատությանն ու ապաքինմանն ԱՄՆ-ում հետևում էին բոլորը, ոմանք շունչները պահած, ոմանք անտարբեր, բայց այնուամենայնիվ հետևում էին: Եվ այն, որ ինչ-որ մեկը կարող է աղիքային քաղցկեղի վիրահատություն տարած նախագահի մահը ցանկանալ, մեղմ ասած անհանդուրժելի էր շատերի համար: Newsbook.am լրատվական կայքի տեղեկություններով ամերիկահայ գրող, հասարակական ակտիվիստ, «Կալիֆորնիա կուրիեր» (The California Courier) թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը բողոքել է «Գլենդեյլ Մեմորիալ» հիվանդանոցի տնօրենությանը, թե ինչո՞ւ են առանց հաշվի առնելու լոսանջելեսահայության կարծիքը, բուժել Լևոն Տեր-Պետրոսյանին: Ինքը՝ Հարութ Սասունյանը զարմանք է հայտնում, նշում է, որ այդ ամենը կողծիք է: «Այդ հոդվածը ես տեսել եմ, ոչ հոդվածի հեղինակ կա, ոչ աղբյուր է նշվել, շինծու մի բան: Ես՝ որպես հայ մարդ, ամբողջ կյանքս նվիրել եմ հայ ազգին, հայրենիքին, երբևիցե անկարելի է ցանկանամ, որ որևէ մի հայ անկախ, թե ինչ պաշտոնի վրա է, թե ինչ քաղաքական գաղափարների տեր է, որպես մարդ արարած, որպես հայրենիքի նախագահ, անկարելի է, որ ես որևէ մարդու ասած լինեմ, որ իրեն չբուժեք, թող մահանա»,- նշեց Հարութ Սասունյանը: Վերջինիս խոսքերով՝ ինքը որևէ մեկի հետ խնդիր չունի, չի պատկերացնում, թե նման հոդվածի մոտիվացիան որը կարող էր լինել: Հարութ Սասունյանը պատմում է, որ երբ Լևոն Տեր-Պետրոսյանի կինը քաղցկեղ ուներ, եկել էր ԱՄՆ բուժվելու, իրեն այցելել է.

«Նախագահի կնոջ հետ նստել եմ, զրուցել եմ, առողջություն եմ մաղթել, նույն բանն էի պատրաստվում անել: Նախագահը հիվանդանոցից դուրս եկավ, մինչև այժմ նրան չէր կարելի տեսնել, ես նման ծրագրեր ունեմ նաև այս անգամ, այցելել և առողջություն մաղթել: Նույնիսկ եթե ես ինչ-որ մարդու հետ, լինի նախագահ, թե ինչ-որ մի մարդ հայ, կամ նույնիսկ մի օտար մարդ, կյանքում մարդու մահ չեմ ցանկանա, ես այդքան անմարդկային չեմ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս