Քայքայված, ուժասպառ եղած ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք. այսօր թույլ ձյուն կտեղա. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն ասել է, որ այսօր սպասվում է թույլ, քայքայված ցիկլոնի ներթափանցում մեր հանրապետության տարածք, որի հետեւանքով շրջանների մեծ մասում, այդ թվում Երեւանում կդիտվի թույլ ձյուն: Սպասվող երեւույթը օդերեւութաբանները բնութագրում են անլուրջ պրոցես:

«Ուժասպառ եղած ցիկլոն է, որը մեր տարածաշրջանի վրայով ուղղակի անցնում է: Եվ քանի որ ինքը քայքայված է, առանձնապես խոնավության պաշարներ չի պարունակում, դրա համար կանխատեսումը այնպիսինն է, որ պետք է շատ արագ, կարճատեւ ինչ-որ երեւույթներ լինեն ու անցնեն, որը առանձնապես բարդություններ չի առաջացնի հանրապետության ավտոճանապարհներին»,- տեղեկացրել է Սուրենյանը:

Այսօր և փետրվարի 3-ի գիշերը սպասվում է նաև օդի ջերմաստիճանի նվազում՝ 2-4 աստիճանով: Այնուհետեւ՝ փետրվարի 4-5-ը հարավ-արեւմուտքից սպասվում է տաք օդային հոսանքների ներթափանցում մեր Հանրապետություն, որի հետեւանքով ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալի փոխանցմամբ՝ փետրվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս