«Կարող եմ ասել, որ և՛ Թևոսը, և՛ Արթուրը շատ պարտաճանաչ ու խոսքի տեր տղաներ են». Թևոսիկի եղբոր գործով հարցաքննվեց վկան
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննությունը:
Դատարանում այսօր հարցաքննվեց գործով վկաներից մեկը, ով ճանաչում էր գործով անցնող բազմաթիվ մարդկանց: Վկան նշեց, որ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանն իր եղբոր քավորն է: Դեպքի վերաբերյալ գիտի, որ, իբր Մովսես Ներսիսյանը սպանել է Արթուր Սաֆարյանին, իսկ Իսրայել Սարգսյանն էլ՝ Մովսես Ներսիսյանին: Սակայն նա նշեց, որ այդպիսի բան չի կարող լինել. ինքն ընկերություն է արել և՛ Իսրայել Սարգսյանի, և՛ Արթուր Սաֆարյանի հետ, տեղյակ է նրանց հարաբերություններին: Վկան ասաց, որ Իսրայել Սարգսյանը բարի մարդ է, ընկերասեր է և սպանություն չէր կարող կատարել: Վկան ասաց, որ ճանաչել է գործով վկաներից Տիգրան Ասատրյանին: Նրա խոսքով՝ ժամանակին Տիգրան Ասատրյանի և Թևոս Սաֆարյանին միջև ֆինանսական խնդիր է եղել, ինքը միջամտել է: Հետագայում Տիգրան Ասատրյանն ասել է, որ վտանգ է զգում ոչ միայն Թևոս Սաֆարյանից, այլև Արթուր Սաֆարյանից: Նա նշեց, որ անձամբ չի ճանաչում Թևոս Սաֆարյանին, սակայն դեպքից հետո խոսակցություն ունեցել է նրա հետ. «Կարող եմ ասել, որ և՛ Թևոսը, և՛ Արթուրը շատ պարտաճանաչ ու խոսքի տեր տղաներ են, որովհետև Թևոսի հետ դեպքից հետո եմ տեսնվել, ներկայացրել է վիճակը, ասել եմ՝ Թևոս ջան, քո եղբայրը մեր ընկերն է, ես քեզ խնդրում եմ, մի՛ խառնվի գործին, տուր ժամանակ, ինչքան դու ես ուզում, որ քո եղբոր սպանությունը բացահայտվի, այդքան մենք ենք ուզում, որովհետև կողքից բոլորն ուզում են թշնամություն գցել ընկերության մեջ: Չի կարա մի ընկերություն հաց կիսի ու իրար հետ թշնամություն անի, ու մինչև այսօր Թևոսը ոչ մի քայլ չի կատարել»: Վկան ասաց, որ լրատվամիջոցներից իմացել է սպանության մասին, զանգահարել է Տիգրան Ասատրյանին, ով չի պատասխանել իր զանգին, ապա զանգահարել է Իսրայել Սարգսյանին, ով ասել է, որ անհայտ անձը կրակոց է արձակել, ինչի արդյունքում Արթուր Սաֆարյանը մահացել է:
Նրա խոսքով՝ Տիգրան Ասատրյանն ու Իսրայել Սարգսյանը մտերիմ ընկերներ են եղել:
Ի դեպ, վկան լավ ծանոթ էր քրեական գործի նյութերին, նաև փորձաքննությունների եզրակացություններին: Նա նշեց, որ ՌԴ-ում ուժային կառույցի աշխատակից է: Վկան չբացառեց, որ Մովսես Ներսիսյանը ողջ է և Հայաստանից դուրս է, քանի որ դա նրան անհրաժեշտ էր, իրենք փորձում են ճշտել, թե նա որտեղ կարող է լինել: