«Պերմյակովն ինքն է Ռուսաստանից Հայաստան տեղափոխվելու դիմում գրել». Ալեքսանդր Ամարյան

«Պերմյակովը երբեք սատանայապաշտ չի եղել, և սխալ կլինի իրեն խառնել սատանայապաշտության հետ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

Նրա խոսքով՝ Ավետարանական եկեղեցին խարիզմատիկ եկեղեցու ճյուղ է:

«Պերմյակովը միշտ եղել է խարիզմատիկ եկեղեցու հովվի ընտանիքում ծնված երեխա: Սատանայապաշտությունն այնտեղ միանշանակ բացառվում է: Այն, որ Պերմյակովի ուղեղը լվացած է եղել, դա միանշանակ է, եթե վերցնում ենք այն բացատրությունները, որ կա և՛ դատական պրոցեսի ժամանակ, և՛ նախնական քննության ժամանակ: Եվ թերթերի հրապարակումները՝ տարբեր տեղերում հրապարակված, խոսում է այն մասին, որ Պերմյակովը հանցագործություն կատարելու ժամանակ կամ չի գիտակցել, կամ եղել է արդեն զոմբիացած վիճակում, բայց որ Պերմյակովը կատարեր սպանությունը, ես անձամբ չեմ հավատում»,- ասաց Ալեքսանդր Ամարյանը՝ նշելով, որ բացառվում է, որ ավտոմատից կրակեն, և ձայնը հարևան տանը չլսվի. եթե խլացուցիչ չի հայտնաբերվել, կրակոցի ձայնը պետք է լսվեր: Բացի այդ, նրա խոսքով՝ Ավետիսյանների ընտանիքի սպանված անդամներին գտել են տարբեր սենյակներում.

«Մարդ այդ ինչքա՞ն սառնասիրտ պրոֆեսիոնալ քիլլեր պիտի լինի… այդ տարիքում պրոֆեսիոնալ քիլլերը բացառվում է»:

Ալեքսանդր Ամարյանն ասաց, որ զանգվածային լրատվամիջոցներում վերջերս տեղեկատվություն է տարածվել, թե Վալերի Պերմյակովը չի ցանկացել ծառայել բանակում, նրան զոռով են բանակ բերել.

«Պերմյակովն ինքն է Ռուսաստանից Հայաստան տեղափոխվելու դիմում գրել: Այնտեղ նա ծառայել է տան կողքին, իսկ այստեղ արդեն՝ տնից 13 հազար կմ հեռավորության վրա: Չուզողը կգնա՞ր այստեղ ծառայելու: Իհա՛րկե ոչ»:

«Պերմյակովն իր էությամբ աստվածապաշտ անձնավորություն է եղել՝ ըստ իրենց եկեղեցու գաղափարների: Հայրը, մայրը հովիվ են: Ճիշտ է՝ եղբայրը հանցագործության համար դատված է եղել, այն էլ՝ խանդի հողի վրա, այսինքն՝ հնարավոր չէ, որ դա լիներ կանխամտածված, կազմակերպված սպանություն»,- ասաց Ալեքսանդր Ամարյանը:

Միևնույն ժամանակ Ալեքսանդր Ամարյանն ասաց, որ դատական նիստի ընթացքում Վալերի Պերմյակովի պահվածքին հետևելով՝ տպավորություն է, թե դատավարությունն իր նկատմամբ չի կատարվում, այլ մարդու են դատում, «ինքն էլ կողքի նստած նայում է»:

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է բացառել, որ սպանությունը կրոնական հողի վրա կատարված լինի, Ալեքսանդր Ամարյանն ասաց, որ ոչ մի բան չի բացառում.

«Չեմ բացառում միայն նրա համար, որ Հայաստանում կրոնական կառույցը պետություն է՝ պետության մեջ: Ինչ է կատարվում կրոնական կառույցներում, ոչ ոք չգիտի: Դրա հետ մեկտեղ՝ կա երկրորդ հանգամանքը՝ զոմբիացման պրոցեսը կրոնականում ավելի հեշտ է, քան ինչ-որ մի տեղ, այսինքն՝ հավատի, աղոթքի միջոցով մարդուն կարողանում են շատ հեշտ մտցնել զոմբիացման պրոցեսի մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս