
Ռուսաստանը Սիրիա է ուղարկել «Սու-35С» նորագույն կործանիչներ. «Կոմերսանտ»

ՌԴ գլխավոր շտաբի ղեկավարությունը որոշում է կայացրել առաջին անգամ ռազմական պայմաններում փորձարկել նորագույն «Սու-35С» կործանիչները: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով ՌԴ զինվորական գերատեսչության իր աղբյուրին:
Տեղեկությունների համաձայն՝ խոսքը 4 ինքնաթիռների մասին է, որոնք 2015թ. հոկտեմբեր-նոյեմբերին հանձնվել էին ՌԴ ռազմատիեզերական ուժերին:
Այդ ինքնաթիռները ներառվել էին ՌԴ ԶՈւ 303-րդ գվարդիական ավիացիոն դիվիզիայի 23-րդ կործանիչ ավիացիոն գնդի կազմում, ապա փոխանցվել էին Աստրախանի «Պրիվոլժսկի» օդանավակայանին:
Մի քանի օր առաջ, սակայն, «Սու-35C»-ները Աստրախանից Կասպից ծովով ուղևորվել են դեպի Լաթաքիա՝ հատելով Իրաքի ու Իրանի օդային տիրույթները:
ՌԴ Գլխավոր շտաբի սպայի խոսքով՝ «Խմեյմիմ» օդանավակայանում ՌԴ ռազմատիեզերական խառը ավիախմբի կազմը ներառում է 70 ինքնաթիռ ու ուղղաթիռ: