«Սատկիր, անասուն». տղամարդը կնոջ անչափահաս դուստրերի ներկայությամբ դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 54-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կնոջը սպանելու մեղադրանքում: Դատավճռով՝ ամբաստանյալը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Դատարանը վճռել է հօգուտ տուժողի իրավահաջորդի բռնագանձել 1 մլն 500 հազար դրամ գումար՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:
Դատական քննության ընթացքում դատախազի կողմից կայացվել է որոշում 54-ամյա տղամարդուն սպանության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրան հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով, որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Ինչ է պարզվել դատաքննությամբ
Դատական ակտում դատարանը նշել է, որ դատաքննությամբ և քրեական գործի նյութերով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետություն գալուց հետո ամբաստանյալը, ով ամուսնությունից երեխա ուներ, ծանոթացել է ապագա կնոջ հետ, ով մինչ այդ ամուսնալուծված է եղել իր նախկին ամուսնուց: Որոշ ժամանակ նրանք շփվել են միմյանց հետ և ապրել ինտիմ կյանքով: Այնուհետև ամբաստանյալը մեկընդմեջ մեկնել է Հայաստանից, ապա որոշ ժամանակ անց՝ կրկին վերադարձել ՀՀ` այդ ընթացքում շարունակելով տուժողի հետ պահպանել իրենց փոխհարաբերությունները: Որոշ ժամանակ անց հեռանալով ընտանիքից, ամբաստանյալը վերջնականապես վերադարձել է ՀՀ, տուժողի հետ բնակվել նույն բնակարանում` որպես փաստացի ամուսիններ: Նրանց հետ են բնակվել նաև տուժողի անչափահաս դուստրերը:
Ըստ դատական ակտի՝ դատաքննությամբ և քրեական գործի նյութերով պարզվել է, որ որոշ ժամանակ անց ամբաստանյալը սկսել է խանդել ու կնոջը կասկածել է ամուսնական անհավատարմության մեջ, ինչն էլ տեղիք է տվել նրանց միջև հաճախակի վեճերի: Այդ հարցի շուրջ վեճերի ընթացքում տուժող կինը չի էլ ժխտել, որ դավաճանում է նրան, այդուհանդերձ, ամբաստանյալը սիրելով՝ շարունակել է նրա հետ համատեղ բնակվել: Վերջին շրջանում ամբաստանյալը տեղեկացել է, որ կինը մշտապես ինտիմ հարաբերությունների մեջ է գտնվում մի տղամարդու հետ: Տղամարդու հետ սիրային կապեր ունենալու հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով ամբաստանյալը ցանկություն է հայտնել կնոջ հետ հանդիպել այդ տղամարդուն և, պայմանավորվածության համաձայն, նրանք երեքով հանդիպել են շենքի բակում, որտեղ խոսել են իրենց փոխհարաբերությունների մասին, իսկ միմյանցից բաժանվելու ընթացքում տուժողն ամբաստանյալի ներկայությամբ համբուրել է տղամարդուն՝ ավելացնելով, որ սիրում է նրան:
Այնուհետև ամբաստանյալն ու տուժողը միասին վերադարձել են տուն, սակայն ամբաստանյալը, գտնվելով օրվա կատարվածի տպավորության տակ, չի կարողացել քնել և շուրջ 3-4 ժամ շուռումուռ է եկել անկողնում: Հերթական անգամ, երբ շուռումուռ է եկել անկողնում, տուժող կինն ամուսնուն անվանել է կով և միաժամանակ պահանջել, որ նա անմիջապես զանգահարի արտասահմանում բնակվող մորն ու 5000 դոլար խնդրի, այլապես նրան տանից դուրս կհանի: Կասկածներ ունենալով, որ այդ գումարը տուժողը պահանջում է իր սիրեկանի համար, ամբաստանյալը զայրացել է, ու նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում նա հյուրասենյակի մաս կազմող ննջասենյակում սկսել է ձեռքերով ու ապակե վազով հարվածներ հասցնել տուժողի մարմնի տարբեր մասերին: Այդ ժամանակ վիճաբանության ձայներից արթնացել ու նրանց մոտ է գնացել տուժող կնոջ աղջիկներից մեկը՝ փորձելով պաշտպանել մորը: Դադարեցնելով վիճաբանությունը՝ ջուր խմելու նպատակով՝ ամբաստանյալը գնացել է խոհանոց, նրա հետևից խոհանոց է գնացել նաև տուժող կինն ու ամբաստանյալի մոր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով՝ վերցրել է լիկյորի ապակե շիշն ու հարվածել ամբաստանյալի գլխի գագաթային մասին, ինչի հետևանքով լիկյորի շիշը կոտրվել է: Այնուհետև կինը վերցրել է խոհանոցային դանակը՝ հարվածելու համար, սակայն ամբաստանյալը մի ձեռքով բռնել է նրա մազերից, իսկ մյուս ձեռքով դանակը խլել է կնոջ ձեռքից, որի ընթացքում դանակից վնասվել է նրա ձեռքը, և այդ պահին կնոջ կողմից դրսևորած պարբերաբար հակաբարոյական վարքագծի կապակցությամբ ամբաստանյալի մոտ առաջ է եկել երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի` կումուլյատիվ աֆեկտի վիճակ, և նա կնոջ՝ քնից արթնացած դուստրերի ներկայությամբ խոհանոցի սեղանի վրայից հաջորդաբար վերցրած խոհանոցային 2 դանակներով սկսել է բազմաթիվ հարվածներ հասցնել կնոջ մարմնի տարբեր մասերին:
Ըստ դատական ակտի՝ դատաքննությամբ և քրեական գործի նյութերով պարզվել է, որ այդ ընթացքում կինը սկսել է դիմադրել, և քաշքշոց է սկսվել նրանց միջև, որի ընթացքում կնոջ աղջիկները փորձել են ամբաստանյալի ձեռքից խլել դանակները, սակայն դա նրանց չի հաջողվել, և աղջիկները տանից դուրս են վազել՝ օգնություն կանչելու, իսկ ամբաստանյալը, անընդհատ կրկնելով «սատկիր, անասուն» արտահայտությունը՝ շարունակել է դանակով բազմաթիվ հարվածներ հասցնել կնոջը, ինչի հետևանքով խոհանոցի և նախասրահի դռան հատվածում կինը վայր է ընկել հատակին և ստացած կյանքի համար վտանգավոր բազմաթիվ մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Կնոջը դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելուց հետո մի քանի րոպե անց ամբաստանյալն արագ քայլելով դուրս է եկել բնակարանից ու նստել կնոջ անվամբ գրանցված ավտոմեքենան և գնացել Երևան, որոշ ժամանակ անց մեղայականով ներկայացել է Ոստիկանության բաժին և հայտնել կատարվածի մասին:
Ինչ ցուցմունք է տվել ամբաստանյալը
Ամբաստանյալը հոգեկան խիստ խուզմունքի վիճակում կատարված սպանության համար առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել, որ ՀՀ այցելության ընթացքում ծանոթացել է տուժողի հետ, և որոշ ժամանակ նրա հետ շփվելուց հետո իրենք մտերմացել են, ինչից հետո իրենց միջև ձևավորվել են ինտիմ փոխհարաբերություններ: Արտասահմանում բնակվելու ընթացքում իր և տուժողի կապերը չեն խզվել: Սկզբնական շրջանում տուժողին հաջողվել է խաբել իրեն և ներկայանալ՝ որպես իդեալական կին: Սիրահարվելով նրան, արտասահմանում թողնելով ընտանիքը, վերջնականապես վերադարձել է ՀՀ, տուժողի համար գնել բնակարան, ավտոմեքենա, և որպես ամուսին՝ բնակվել նրա հետ: Կնոջ անչափահաս դուստրեր նույնպես բնակվել են իրենց հետ, նույն տանը, որոնց խնամքով հիմնականում ինքն է զբաղվել: Համատեղ ամուսնական կյանք սկսելուց որոշ ժամանակ անց տուժողը սկսել է անբարո կյանքով ապրել, ինչի պատճառով էլ ինքը սկսել է հաճախակի վիճել նրա հետ: Սակայն որևէ բան չի փոխվել, և նա շարունակել է իրեն շատ ազատ պահել, մի քանի անգամ լսել է, որ նա հեռախոսով այլ տղամարդկանց հետ է խոսել և բացահայտ իր մոտ արտահայտվել իր սիրեկանների մասին` տալով նրանց անունները:
Համատեղ կյանքի ընթացքում կինն իր պահվածքով ու վերաբերմունքով միշտ ստորացրել է իրեն ու ցույց տվել, որ ինքը՝ որպես տղամարդ, ոչինչ չարժե, իրեն դիտում է միայն ֆինանսի աղբյուր: Այդուհանդերձ սիրելով նրան՝ ինքը շարունակել է բնակվել տուժողի հետ՝ հույս ունենալով, որ իրեն կհաջողվի նրան կարգի հրավիրել: Բացի այդ, ինքը կախվածության մեջ է գտնվել նրանից, վերջինս սպառնացել է, որ, եթե փորձի իրենից հեռանալ, ապա իր ծանոթ ոստիկանների միջոցով բռնել կտա, և նույնիսկ երկու անգամ իր նկատմամբ բողոք է ներկայացրել Ոստիկանության բաժին: Իրեն հայտնի է դարձել, որ կինը սիրային կապի մեջ է գտնվում այլ տղամարդու հետ, և այդ հարցը պարզաբանելու համար առաջարկել է հանդիպել այդ տղամարդուն և պարզաբանել իրենց փոխհարաբերությունները: Այդ նպատակով վերջինիս կանչել են իրենց շենքի մոտ և, իրենց ավտոմեքենան թողնելով այնտեղ, երկուսով նստել են նրա ավտոմեքենան, շրջել փողոցներով, իսկ երբ միասին իջել են ավտոմեքենայից ծխախոտ գնելու, ինքն ամբաստանյալին խնդրել է չքանդել իր ընտանիքը, սակայն տղամարդը պատասխանել է, որ ինքը նույնպես սիրում է տուժողին: Իր ներկայությամբ կինն ու տղամարդը միմյանց սեր են խոստովանել, ապա՝ համբուրվել, և ինքը մտածել է կնոջից բաժանվելու մասին:
Տուն գնալուց հետո համարյա միմյանց հետ բառ չփոխանակելով և առանց վիճելու՝ պառկել են քնելու: Ինքը հերթական անգամ փորձել է հաշտության եզրեր գտնել և ցանկացել է գրկել կնոջը, սակայն վերջինս արհամարհել է իրեն և թույլ չի տվել: Օրվա կատարվածի տպավորությունների ազդեցության տակ, ինքը շուրջ 2-3 ժամ չի կարողացել քնել, անկողնում շուռումուռ է եկել՝ մտածելով իրենց փոխհարաբերությունների մասին: Ժամը 04:00-ի սահմաններում կինն իրեն անվանել է կով, դրանից ինքը վիրավորվել ու իր դժգոհությունն է հայտնել: Այնուհետև կինը պահանջել է, որ ինքը շտապ զանգահարի արտասահմանում բնակվող ծնողներին և նրանցից պահանջի 5.000 դոլար գումար, այլապես սպառնացել է առավոտյան իրեն շան նման տանից դուրս հանել: Մտածելով, որ այդ գումարը պահանջում է սիրեկանին տալու համար՝ դրանից էլ ավելի է զայրացել և հրաժարվել է մորից գումար պահանջել, իսկ կինը շարունակել է սպառնալ, որ ինքը կզանգահարի ու իր մորը կսպառնա, որ առավոտյան իրեն տանից դուրս կվռնդի:
Իրենց միջև ծագած վիճաբանության ընթացքում ինքը ձեռքով մի քանի անգամ հարվածել է կնոջը, որի ընթացքում նրա ավագ դուստրը, բացելով սենյակի դուռը, մտել է ներս ու փորձել բաժանել իրենց, վեճը մի պահ դադարել է, և ինքը գնացել է խոհանոց՝ ջուր խմելու: Իր հետևից կինը մտել է խոհանոց և ձեռքին գտնվող լիկյորի շշով հարվածել իր գլխի գագաթային շրջանին: Հարվածից իր գիտակցությունը մի պահ մթագնել է, որի ժամանակ կինը վերցրել է խոհանոցային դանակներից մեկն ու բղավելով հարձակվել իր վրա: Պաշտպանվելու նպատակով ինքն աջ ձեռքն առաջ է պարզել, որի ժամանակ դանակը դիպչել է իր ձեռքին ու վնասել: Այնուհետև մի ձեռքով բռնել է կնոջ մազերից, որոնց մի մասը պոկվել ու ընկել են հատակին, մյուս ձեռքով վերջինիս ձեռքից խլել է դանակը և բարկացած նրան հարցրել է, թե սիրեկանն արդյո՞ք այդքան դարձել է, որ նրա պատճառով իրեն հարվածում է: Այդ ժամանակ կնոջ դուստրերը փորձել են բաժանել իրենց, սակայն կինը նրանց ասել է՝ գնացեք միլիցա կանչեք, ու մինչ իր դանակով հարվածելը երեխաները դուռը բացել ու դուրս են եկել տանից: Դրանից հետո իր հարցին ի պատասխան՝ կինը լկտի ձևով հայհոյել է իր մորը, ինչից ինքն ավելի է բարկացել ու դանակով հարվածել է կնոջը: Քանի որ խիստ բարկացած է եղել, չի հիշում, թե քանի անգամ և ինչպես է հարվածել նրան: Երբ երեխաներն արդեն հեռացած են եղել, իսկ կինն արնոտ ընկած է եղել հատակին, ինքը որոշ ժամանակ նստել է բազմոցին, սակայն չի հիշում, թե որքան է մնացել սենյակում ու երբ է հագնվել և տանից դուրս եկել: Բանալիով դրսի կողմից փակել է բնակարանի մուտքի դուռը և իջնելով ավտոտնակի մոտ, նստել է ավտոմեքենան ու վարել է դեպի Երևան, որտեղ էլ նախկին «Բանվորի արձանի» հարակից տարածքում ավտոմեքենան խափանվել է, և չի հիշում թե 2 ժամ շարունակ որտեղ է եղել: Որոշ ժամանակ անց ինքնակամ գնացել է Ոստիկանության բաժին և հայտնել կատարվածի մասին: Դեպքի օրը վեճի ընթացքում ինքը կնոջը ծաղկամանով չի հարվածել և չի կարող ասել, թե նրա պարանոցի վնասվածքներն ինչպես են առաջացել, նախաքննության ընթացքում ինքը շոկի մեջ է եղել ու այդ մասին քննիչի թելադրանքով է գրել:
Ինչ վերաբերում է կնոջ ցուցմունքների այն մասին, որ նրանց ներկայությամբ կինը վայր է ընկել, ու ինքը դանակով սկսել է հարվածներ հասցնել նրան, չի համապատասխանում իրականությանը, քանի որ ինքը նրանց ներկայությամբ կնոջը դանակով չի հարվածել, միգուցե կնոջ ձեռքից խլած դանակն են իր ձեռքին տեսել, սակայն դանակով հարվածելու պահը չեն տեսել, քանի որ Ոստիկանություն կանչելու համար նրանք արդեն իսկ տանից դուրս եկած են եղել: Ինքը նախնական դիտավորություն չի ունեցել կնոջը սպանելու, այդ ամենը ստացվել է նրա պահվածքի հետևանքով:
Ինչ ցուցմունք են տվել վկաները
Տուժողի դուստրերից մեկը ցուցմունք է տվել, որ շուրջ չորս տարի ամբաստանյալն ու մայրը գտնվել են փաստական ամուսնական հարաբերությունների մեջ և միասին բնակվել իրենց տանը: Վերջին ժամանակներում ամբաստանյալի ու մոր միջև խանդի հողի վրա հաճախակի են վեճեր ու անախորժ խոսակցություններ եղել: Ամբաստանյալն անհարկի անընդհատ մորը մեղադրում էր ծանոթ տղամարդկանց հետ ինչ-որ կապեր ունենալու մեջ: Դեպքի օրն ինքն ինչ-որ լարվածություն չի զգացել, իսկ ժամը 24:00-ի սահմաններում, երբ նրանք միասին տուն են վերադարձել, դարձյալ նրանց մոտ լարվածություն չի եղել, իրենց ներկայությամբ որևէ խոսակցություն չի եղել, և ինքն ու քույրը գնացել են ննջասենյակ ու քնել: Ժամը 04:30-ի սահմաններում արթնացել է աղմուկի ձայներից և հյուրասենյակից լսել մոր բղավոցը: Ինքն անմիջապես գնացել է հյուրասենյակ, սակայն սենյակի դուռը փակ է եղել, դռան ապակյա հատվածից տեսել է, որ ամբաստանյալը «ռոկոկո» տեսակի ծաղկամանով հարվածում է մոր գլխին ու մեջքին: Մորն օգնելու նպատակով խոհանոցից վերցրած գդալով բացել է հյուրասենյակի դուռն ու տեսել՝ մայրը փախչում է, իսկ ամբաստանյալը նրա հետևից ընկած՝ հարվածում է նրան:
Իր ներկայությամբ ամբաստանյալը 4-5 անգամ ծաղկամանով հարվածել է մորը: Ինքը միջամտել ու փորձել է բաժանել նրանց, մի կողմ տանել ամբաստանյալին, սակայն վերջինս հրել է իրեն ու հյուրասենյակում շարունակելով հարվածել մոր մարմնի տարբեր մասերին, քաշելով նրա մազերից՝ նրան տարել է դեպի խոհանոցի կողմը ու գցել հատակին: Որքան հիշում է, աղմուկից ու իրարանցումից արթնացել է նաև քույրը, ու իրենք երկուսով ամբաստանյալի մեջքից քաշելով՝ փորձել են նրան հեռացնել մորից, սակայն չեն կարողացել, քանի որ ամբաստանյալն իրենց մի կողմ է հրել և շարունակել է միջանցքում ու խոհանոցի մուտքի մոտ ծեծել ու հայհոյել մորը:
Այնուհետև դառնալով ավելի ագրեսիվ, մի ձեռքով բռնել է մոր մազերից, թույլ չտալով շարժվել, մյուսով խոհանոցի սպասքապահարանի վրայից վերցրել է շագանակագույն բռնակով խոհանոցային դանակներից մեկը ու դրանով սկսել է հարվածել մոր մարմնի տարբեր մասերին: Իրեն հաջողվել է ամբաստանյալի ձեռքից ուժով խլել դանակն ու մի կողմ նետել, սակայն վերջինս խոհանոցի պահարանի վրա դրված դանակների հավաքածուից վերցրել է մեկ այլ, էլ ավելի մեծ ու հաստ շեղբով դանակ և սկսել է դրանով հարվածել մորը, որն արդեն ընկել էր գետնին: Ինքը մարմնով փորձել է փակել ու պաշտպանել մորը, սակայն ամբաստանյալը ծնկի է եկել ու շարունակել է դանակով հարվածել գետնին ընկած մորը` անընդհատ կրկնելով՝ «սատկիր, անասուն»:
Այդ ամենից սարսափած, տեսնելով, որ չեն կարողանում օգնել իրենց մորը, ինքն ու քույրը միասին դուրս են վազել տանից, ծեծել հարևանի դուռը, բղավելով օգնություն կանչել, սակայն ոչ ոք չի արձագանքել իրենց կանչերին, որից հետո իջել է շենքի բակ և բակում եղած ժամանակ տեսել, որ ամբաստանյալը վազել է ավտոտնակի կողմը, իսկ քիչ անց լսել է ավտոմեքենայի շարժիչը գործի գցելու ձայնը: Նրա հեռանալուց հետո ինքը ևս վազել է դեպի Ոստիկանության բաժանմունք և պատմել կատարվածի մասին:
Մայրն այդ ընթացքում շշով կամ դանակով չի հարվածել և չի հայհոյել ամբաստանյալին: Ամբաստանյալն իրեն ու քրոջը չի հարվածել, այլ միայն հրել է, երբ ինքը մորը պաշտպանելու նպատակով նրա ձեռքից խլել է դանակը, այդ ընթացքում էլ դանակները պատահաբար դիպչել են իր մարմնին, և ինքը մարմնական վնասվածքներ է ստացել:
Տուժող կնոջ մյուս դուստրը ցուցմունք է տվել, որ համատեղ կյանքի ընթացքում մոր ու նրա ամուսնու միջև տարբեր հարցերի, հատկապես՝ խանդի շուրջ հաճախակի վեճեր են ծագել, ամբաստանյալն անհարկի, առանց որևէ լուրջ պատճառի՝ մորն անհանգստացրել, հայհոյել ու միտումնավոր վեճեր է ստեղծել: Դեպքի օրը ժամը 04:30-ի սահմաններում աղմուկից արթնանալով, լսել է, թե ինչպես է քույրը կանչում. «Մամա, մամա», առաջանալով դեպի խոհանոց՝ տեսել է՝ ամբաստանյալը` մեջքով իրեն կանգնած դիրքում, մորը քաշելով բերում է խոհանոց ու մուտքի մոտ խոհանոցային դանակով հարվածներ է հասցնում մորը: Ինքը գոռացել, օգնություն է կանչել, նույնիսկ ձեռքերով հարվածել է ամբաստանյալի մեջքին, խնդրել բաց թողնել մորը, սակայն նա կենտրոնացել էր մոր վրա և փոխելով դանակը, նույնիսկ իր կողմ չշրջվելով՝ շարունակել է դանակով հարվածել գետնին ընկած մորը` ասելով՝ «սատկիր, անասուն»:
Որքան ինքն ու քույրը միջամտել ու փորձել են օգնել մորը, թույլ չտալ շարունակել հարվածել, սակայն իրենց չի հաջողվել կանխել ամբաստանյալի գործողությունները, քանի որ վերջինս իրենց հրել է մի կողմ, սակայն երբևիցե չի փորձել իրենց հարվածել: Տեսնելով, որ չեն կարողանում օգնել մորը, իսկ վերջինս այլևս չի շարժվել, դուրս է եկել տանից, բղավելով օգնություն է կանչել ու ոտաբոբիկ վազել է Ոստիկանության բաժանմունք և հայտնել կատարվածի մասին:
Համալիր կրկնակի դատահոգեբուժական դատահոգեբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ ամբաստանյալը մինչ հանցագործություն կատարելը, հանցագործությունը կատարելու պահին և ներկայումս որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում: Արարքը կատարելու պահին նրա մոտ ժամանակավոր հոգեկան խանգարում առկա չի եղել, և նա կարող է գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք, հետևաբար՝ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ նրան հարկ է ճանաչել մեղսունակ: Արարքը կատարելու պահին գտնվել է կումուլյատիվ աֆեկտի վիճակում:
Դատարանի գնահատականը
Դատարանը, գնահատելով ձեռք բերված ապացույցները, գտնում է, որ ամբաստանյալի ցուցմունքի այն մասը, որը վերաբերում է իր կողմից կնոջը դանակներով հարվածներ հասցնելու ընթացքում վերջինիս աղջիկների ներկա չգտնվելուն, արժանահավատ չէ, և այն հերքվում է իրենց իսկ աղջիկների կողմից տված ցուցմունքներով, որոնք լիովին համապատասխանում են քրեական գործի փաստական հանգամանքներին:
Դատարանն ապացուցված է համարել, որ ամբաստանյալը սպանությունը կատարել է տուժողի կողմից դրսևորած պարբերաբար հակաբարոյական վարքագծի կապացությամբ առաջ եկած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, որպիսի արարքի համար նա պետք է պատասխանատվության ենթարկվի ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով: