«Արի տունը» կհյուրընկալի 1100 սփյուռքահայ երիտասարդի
Այս տարի «Արի տուն» ծրագրի շրջանակներում ակնկալվում է մինչև 1100 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան: Նրանք կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում, ապա իրենց հասակակիցների հետ կմասնակցեն «Արի տուն» ճամբարին: ՀՀ կառավարության հունվարի 29-ի նիստում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կներկայացնի այս տարվա ծրագիրը:
Ըստ որոշման նախագծի՝ ծրագրի իրականացման աշխատանքները համակարգելու և պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով կստեղծվի ծրագրի իրականացման միջգերատեսչական համակարգող հանձնաժողով և աշխատանքային խումբ, նաև ակնկալվում է գործընկեր հասարակական երիտասարդական կազմակերպությունների և երիտասարդ կամավորների ներգրավում:
Նշենք, որ 2015 թվականին «Արի տուն» ծրագրին 8 փուլով մասնակցել է շուրջ 1103 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 40 երկրից: Ինչպես 2015 թվականին, այնպես էլ 2016 թվականին նախատեսվում է հայաստանյան ընտանիքներում սփյուռքահայ երիտասարդներին հյուրընկալելու հետ միաժամանակ՝ կազմակերպել նաև «Արի տուն» երիտասարդական ճամբարը, որին սփյուռքահայ երիտասարդների հետ կմասնակցեն իրենց հայաստանցի հասակակիցները հյուրընկալ ընտանիքներից, նախատեսվում է «Արի տուն» ծրագիրն իրականացնել երկու տարիքային խմբերի համար զուգահեռ. 13-15 և 16-18 տարեկանների համար նախատեսվող ուսուցողական, ժամանցային, մշակութային ծրագրերը կտարբերվեն իրենց բովանդակությամբ և նյութի մատուցման մեթոդաբանությամբ: