Հալեպում պայթյունի հետևանքով 23 մարդ է զոհվել
Սիրիայի Հալեպ քաղաքում մահապարտ ահաբեկչի գործողությունների հետևանքով զոհվել է 23 մարդ, հայտնում է Բրիտանիայում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգային կենտրոնը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Զոհվածների մեծ մասը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հակառակորդ իսլամական «Ախրար աշ-Շամ» խմբավորման անդամներ են: Ինչպես հայտնում են իրավապաշտպանները, պայթյունը տեղի է ունեցել Սուկարի շրջանի հսկիչ-անցագրային կետում, որը վերահսկում են խմբավորման անդամները:
Անցակետին մոտեցել է մահապարտը՝ բեռնատարով ու գործի է դրել պայթուցիկ սարքը: Իրավապաշտպանների տեղեկություններով՝ զոհերի թվում կա 4 խաղաղ բնակիչ: Պայթյունը վնասել է հարակից տները: Հաղորդվում է բազմաթիվ վիրավորների մասին: