
Սիրիայի հարցով բանակցությունները կասեցվել են

Սիրիայի հարցով խաղաղ բանակցությունները, որոնք պետք է մեկնարկեին այս շաբաթ, այսօր մասնակի կասեցվել են այն պատճառով, որ դեռ պարզ չի, թե ովքեր են ներկայացնելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ընդդիմախոսներին, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ այդ հարցով պարզություն է ակնկալում 2-3 օրվա ընթացքում: Նա նաև իր աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչին, ում դժվարին խնդիր է սպասվում՝հանձնել հրավերներ 2 տարվա մեջ առաջին բանակցությունների համար, որոնք պետք է վերջ դնեն հնգամյա քաղաքացիական հակամարտությանը, նշում է գործակալությունը:
Բանակցությունները պետք է սկսվեին այսօր Ժնևում, սակայն տեղափոխվել էին այն տարաձայնությունների ֆոնին, թե ով պետք է հրավիրվի բանակցությունների ընդդիմության կողմից:
Ապստամբները նույնպես ցանկանում են վերջ դնել ավիահարվածներին ու իշխանությունների շրջափակմանը իրենց զբաղեցրած տարածքներում ու ազատել ձերբակալվածներին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան այսօր տեղի ունեցա մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ բանակցությունները սկսվելու են ուրբաթ ու կշարունակվեն 6 ամիս, թեև հրավերները նախկինի պես դեռ ուղարկված չեն «ուժեղ հակասությունների» պատճառով:
«Կան քաղաքական ռիսկեր … Մենք հրավերները վաղը կուղարկենք»,- ասել է Դե Միստուրան:
Քննարկումներն այն մասին, թե ովքեր պետք է մասնակցեն բանակցություններին, շարունակվում են տարբեր մայրաքաղաքներում, ներառյալ՝ Վաշինգտոնում, Մոսկվայում, Անկարայում, Էր-Ռիադում, ասել է նա:
Նրա խոսքով՝ բանակցությունների առաջին փուլը կտևի 2-3 շաբաթ ու կենտրոնանալու է կրակի դադարեցման, ԴԱԻՇ-ի ազդեցության կասեցման ու մարդասիրական օգնության ծավալի ավելացման վրա: