Բաժիններ՝

Աբխազիան հրաժարվում է թուրքական ձկից, բանջարեղենից ու մրգերից

Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիան հաստատել է թուրքական սննդամթերքի ցանկը, որի ներկրումը ինքնահռչակ հանրապետության տարածք արգելվելու է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ցանկում, որը հրապարակվել է Աբխազիայի կառավարության կայքում, ներառված են ձկան բոլոր տեսակները, կարտոֆիլը, պոմիդորը, սոխը, կաղամբը, վարունգը, ցիտրուսայինները, խաղողը, սեխը, ինչպես նաև միրգը (խնձոր, տանձ, սալոր, կեռաս, դեղձ):

Այդ մթերքները կարգելվեն Աբխազիա ներմուծել 2016 թվականի մարտի 1-ից: Ընդ որում, նշվում է, որ սահմանափակումները չեն տարածվելու այն մթերքի վրա, որը Աբխազիա է բերվում անձնական օգտագործման նպատակով:

Միաժամանակ, Միկվաբիան հաստատել է Աբխազիայի տարածքում Թուրքիայի ենթակայության տակ գտնվող ոչ կոմերցիոն կազմակերպությունների աշխատանքի արգելումը:

Աբխազիայի կառավարությունը հունվարի սկզբին՝ ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի այցից հետո, որոշել էր Թուրքիայի նկատմամբ կիրառել նույնպիսի սահմանափակումներ, ինչպիսին ավելի վաղ Ռուսաստանն էր կիրառել:

Ընդ որում, նշվել էր, որ Թուրքիան Ռուսաստանից հետո երկրորդ տեղում է Աբխազիայի հիմնական առևտրային գործընկերների ցանկում:

Աբխազիայի ամենամյա առևտրաշրջանառությունը Թուրքիայի հետ գնահատվում է շուրջ 32 միլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս