
Ռուդի Գարսիան հեռացվել է «Ռոմայից»

Ֆրանսիացու տեղը, հավանաբար, կզբաղեցնի Լուչանո Սպալետին:
Գարսիայի հետ հռոմեական ակումբը լքել են նաև նրա օգնականները` Ֆրեդերիկ Բոմպարդը և Կլոդ Ֆիշոն: Հեռացման մասին հաղորդվել է «Ռոմայի» պաշտոնական կայքում:
Ըստ Sportmediaset-ի տեղեկության, «Ռոմայի» նոր գլխավոր մարզչի պաշտոնը կզբաղեցնի Լուչանո Սպալետին: Իտալացին արդեն քննարկել է հռոմեական ակումբի ղեկավարության հետ 1.5 տարվա պայմանագրի բոլոր պայմանները: Մինչև Սպալետիի` գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելը, ակումբը կղեկավարի երիտասարդական թիմի մարզիչ Ալբերտո դե Ռոսսին:
Ռուդի Գարսիան մարզել է «Ռոման» 2013թ.-ից: 2013-14թթ. մրցաշրջանում հռոմեացիները նրա ղեկավարությամբ դարձել են Իտալիայի փոխչեմպիոն:
Լուչանո Սպալետին մարզել է «Զենիթը» 2009-2014թթ.: «Զենիթի» հետ նա երկու անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն` 2010թ. և 2011-12թթ. մրցաշրջանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը