Բաժիններ՝

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Չեփչյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Չեփչյանը։ Հայաստանի թատերական գործիչների միությունից տեղեկացնում են, որ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18-00-ին, Տիգրան մեծի 12 շենքի, 4-րդ բնակարանում, վերջին հրաժեշտը` Գ. Սունդուկյանի անվ. թատրոնում, հունվարի 14- ին, ժամը 12-00-ից, հուղարկավորությունը` ժամը 14-00-ից:

Գևորգ Չեփչյանը ծնվել է 1927թ. դեկտեմբերի 10-ին, Դոնի Ռոստով քաղաքում: 1944-48թթ. սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի Վարդան Աճեմյանի ղեկավարած կուրսը:

1948թ-ից աշխատել է Երևանի` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, այնուհետև Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1954թ-ից`Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 1971թ. արժանացել է ՀՍՍՀ-ի վաստակավոր արտիստի կոչման: Հեղինակ է Վարդան Աճեմյանին նվիրված երկու գրքի:

Դասավանդել է Մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում:

Կերպարանավորել է բազմաթիվ դերեր թատրոնում և կինոյում. Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ Սուրեն /«Մեծ հարսանիք»/, Ժորժ/«Մորգանի խնամին»/, Ավագ սատանա /«Օսկան Պիտրովիչն էն կինքումը»/, Առլեկին/«Վենետիկյան երկվորյակներ»/, Նավաստի /«Մի քաղաք կա վոլգայի վրա»/, Երկաթ /«Պաղտասար աղբար»/ և այլն: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ Արշակ /«Քաոս», Մեթ /«Բրոուդիի ամրոցը»/, Սեյրան /«Նամուս»/, Գանյա /«Ապուշը» /, Դոկտոր Լիմբերգ /«Ոտքի, դատարանն է գալիս»/ և շատ այլ դերեր:

Նկարահանվել է հայկական կարճամետրաժ և գեղարվեստական ֆիլմերում, ինչպես` «01- 99»,«Ոսկե ցլիկը», «Ուր էիր, մարդ աստծո», «Իմ մեծ հայկական հարսանիք»: «Մոսֆիլմում» և «Լենֆիլմում» նկարահանվել է «Սաննիկովների երկիրը», «Ոսկե ական», «Ձիերին գետն անցնելիս չեն փոխում», «Դեղահաբեր ընդդեմ վախի» և այլ ֆիլմերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս