Սեյրան Օհանյանը վստահ է, որ 2016-ին զինված ուժերը ղեկավարվելու են «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսով
Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է 2015 թվականի ուսումնական տարվա ընթացքում հինգերորդ բանակային զորամիավորման աշխատանքների արդյունքների ամփոփմանը նվիրված ռազմական խորհրդի նիստին, որի ընթացքում հաշվետու զեկույցներով հանդես են եկել զորամիավորման հրամանատարի տեղակալները:
Զեկույցներում վերլուծվել են մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, մարտական պատրաստության և զինվորական կարգապահության ամրապնդման հարցերի կատարելագործմանն ուղղված միջոցառումների արդյունքները: Ընդգծվել է, որ առավել բարձրացվել է զորքերի մարտական պատրաստության և առաջադրված մարտական խնդիրներին օպերատիվորեն արձագանքելու աստիճանը, լուրջ ուշադրություն է դարձվել հատկապես առաջնագծում տարվող աշխատանքների կատարելագործմանը:
Ելույթ ունեցողները անդրադարձել են նաև զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում մարտական հերթապահության նախապատրաստման և կրման կազմակերպմանը, դրա վերահսկման գործընթացին, պլանավորված և կատարված ինժեներական աշխատանքների որակին: Ամփոփելով ռազմական խորհրդի նիստը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր գնահատելով անցած ուսումնական տարվա շրջանակում իրականացված միջոցառումների արդյունավետությունն ու գրանցված որակական առաջընթացը, միաժամանակ անդրադարձել է առկա որոշակի բացթողումներին, դրանք վերացնելու հիմնական միջոցառումներին ու աշխատանքային ուղղություններին:
Սեյրան Օհանյանը վստահություն է հայտնել, որ 2016թ. ուսումնական տարում զինված ուժերը հավատարիմ են մնալու ամենօրյա զարգացման և շարունակական առաջընթացի սկզբունքներին` տարվա ընթացքում ղեկավարվելով «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսով:
Նիստի ավարտին ուսումնական տարվա ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած զինվորական ստորաբաժանումներին հանձնվել են պատվո դրոշներ: Իրենց լավագույնս դրսևորած և բարեխիղճ զինծառայողները պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի և զորամիավորման հրամանատարի հրամաններով արժանացել են գերատեսչական մեդալների, պատվոգրերի և արժեքավոր նվերների:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ