Ծանր հիվանդների առողջական վիճակը` ուշադրության կենտրոնում

ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցությունից անմիջապես հետո Արմեն Մուրադյանը արագ արձագանքման խմբի անդամների հետ համայցեր կատարեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Նաիրի» բժշկական կենտրոններ, «Մուրացան» հիվանդանոցային համալիր և «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Նախարարին ներկայացվեց տարբեր բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժվող ծանր հիվանդների առողջական վիճակը, առաջատար մասնագետների հետ քննարկվեց նրանց բուժման հետագա ռազմավարությունը:

«Այս պահին կան ութ հիվանդներ, որոնք միացված են արհեստական շնչառության սարքին»,- նշեց Արմեն Մուրադյանը: Նա հավաստիացրեց, որ բժիշկներն անում են ամեն հնարավորը հիվանդների առողջական վիճակը կայունացնելու համար:

Նա տեղեկացրեց, որ արագ արձագանքման խմբի աշխատանքների և վերլուծության արդյունքների մասին ամեն օր պարբերաբար զեկուցվում է ՀՀ վարչապետին:

Արմեն Մուրադյանը նշեց, որ բոլոր հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով: ՀՀ առողջապահության նախարարը ևս մեկ անգամ կոչ արեց բնակչությանը վաղ փուլում դիմել բժիշկի, չսպասել, որ հիվանդությունը բարդանա և չզբաղվել ինքնաբուժությամբ:

Նախարարի խոսքով` նախընտրելի է ունենալ հիվանդների մեծ ծավալ, բայց դիմելիությունը գրանցվի հիվանդության առավել վաղ փուլերում:

Համայցը եզրափակվեց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն այցելությամբ:

Տեսանյութեր

Լրահոս