Իրավիճակը վերահսկվում է
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ գործող աշխատանքային խումբն օրական երկու անգամ ամփոփում է հանրապետությունում համաճարակաբանական և բուժական իրավիճակը։ Հերթական խորհրդակցության ընթացքում նախարարին տեղակացվեց, որ Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունը ևս աշխատում է արտակարգ ռեժիմով։
Տոնական այս օրերին օրական ստացվել է 800-ից ավելի կանչ` միջին 650-ի փոխարեն։ Ինչը մեծ դժվարություններ է ստեղծել հատկապես ձյունառատ եղանակին։ Վերլուծության արդյունքում արձանագրվել է, որ կանչերը հիմնականում կապված են եղել սրտային անբավարարության, զարկերակային գերճնշման, ջերմության, ինչպես նաև կոտրվածքների հետ։
Եղանակային անբարենպաստ պայմանները դժվարություններ են առաջացրել հատկապես մարզերի շտապբուժօգնության մեքենաների հասանելիության համար։ Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ՏԿԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարների աջակցությամբ հաջողվել է հաղթահարել ճանապարհի դժվարանցանելի հատվածները և մեկ հիվանդի տեղափոխել Երևան` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ լեռնային Ախպրաձոր գյուղի բնակչուհի, 37-38 շաբաթական հղիին և հարևան Մաքենիս գյուղից երիկամաքարային խիթ ախտորոշումով 63-ամյա տղամարդուն բժշկի ուղեկցությամբ տեղափոխել Վարդենիսի հիվանդանոց։ Նշենք, որ Ախպրաձոր գյուղի բնակչուհին դեռևս չի ծննդաբերել։
Երեկ գիշերը ծննդաբերություն է սկսվել Երանոս գյուղում հղիի մոտ։ Մարտունու ԲԿ-ի շտապօգնության 2 բժիշկ փրկարարների ուղեկցությամբ Վարդաձորից մինչև Երանոս գյուղ` մոտ 2 կմ, գնացել են ոտքով և հղիին պատգարակով հասցրել շտապօնության մեքենան, այնուհետև տեղափոխել Մարտունու ծննդատուն։ Փրկարարների աջակցությամբ Ծովինար և Ծակքար գյուղերից ևս հղիները Մարտունու ծննդատուն են տեղափոխվել նույն կերպ։ Տեղեկացնենք, որ այս հղիներն արդեն բարեհաջող ծննդաբերել են։
Գավառի բժշկական կենտրոնում դիալիզ ստացող 3 հիվանդ` Վարդենիսից, Վարդենիկից և Արծվանիստից, երեկ փորձել են մեկ մեքենայով հասնել հիվանդանոց։ Սակայն Աստղաձոր գյուղի մոտից մեքենան այլևս չի կարողացել առաջ շարժվել։ Մարտունու ԲԿ-ի շտապբուժօգնության բրիգադի կողմից ցուցաբերվել է առաջին օգնություն, ապա փրկարարների ուղեկցությամբ նրանց մեքենան հասցվել է Գավառի ԲԿ։