Բաժիններ՝

«Հերիք ա». Էդուարդ Թոփչյան

Այսօր «Մարիոթ» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպեց Օպերային թատրոնի արդեն նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը` զրուցելու վերջին օրերին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացված, այսպես ասած, կառուցվածքային փոփոխությունների մասին, որի արդյունքում թատրոնն այլևս չունի գլխավոր դիրիժոր։

Հիշեցնենք, որ Օպերային թատրոնում լուծարվել է գլխավոր դիրիժորի պաշտոնը, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել արվեստագետների շրջանակներում: Օպերային թատրոնի երաժիշտները տարակուսանքի մեջ են, և այս հանդիպումը նպատակ ուներ լույս սփռելու ստեղծված իրավիճակի վրա: Ասուլիսին, բացի գլխավոր բանախոս, օպերային թատրոնի նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանից, մասնակցում էին նաև կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, ինչպես նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

«Օպերային թատրոնն առանց գլխավոր դիրիժորի չի կարող լինել,- թատրոնի ներսում կատարված փոփոխությունների մասին խոսելով՝ հայտարարեց Էդուարդ Թոփչյանը,- Սա նման է նրան, որ ֆուտբոլի թիմում ասեն՝ գլխավոր մարզիչ պետք չէ, դաշտի տնօրենը կզբաղվի դրանով: Երբ այս լուրը լսեցի՝ մեծ ցավ ապրեցի: Կարեն Դուրգարյանն արդեն պատրաստի և համաշխարհային մակարդակի դիրիժոր է: Ինչպես ինքը՝ Կարենն ասաց՝ մեզնից ոչ ոք չի խլի մեր մասնագիտությունը, և դրսում, վստահ եմ՝ ավելի շատ գումար կաշխատենք: Եթե չլինենք այստեղ՝ ուղղակի կկորցնենք կապը ժողովրդի, երաժիշտների հետ, իսկ Կարեն Դուրգարյանին Հայաստանում է պահում հենց հայրենիքի նկատմամբ պարտքի զգացումը: Սրանում այլ կարծիք լինել չի կարող»:

Երաժիշտը չի բացառում այն, որ Օպերային թատրոնում, իհարկե, ուրիշ դիրիժորներ ևս պետք է լինեն. «Սա համաշխարհային պրակտիկա է, այդպես է յուրաքանչյուր երկրում: Այնուամենայնիվ, Օպերային թատրոնում աշխատելու երկար տարիների ընթացքում Դուրգարյանը զերծ չի եղել սխալներից, որից մեկն էլ ես համարում եմ այն, որ չափազանց շատ մարդկանց է նվագախմբին մոտ թողել: Նա երբեք չի խոչընդոտել նվագախմբի հետ աշխատել ցանկացողներին: Ես այն կարծիքին եմ, որ հիմա արդեն Կարեն Դուրգարյանը գտնվում է ստեղծագործական կյանքի ամենաբուռն և ամենաարդյունավետ շրջանում, և հենց հիմա, երբ նա այնքան անհրաժեշտ է մեր երկրին ու մեր թատրոնին, կորցնել նրան, կներեք, ես սա համարում եմ աններելի սխալ»:

Կարդացեք նաև

Լրագրողների հետ հանդիպման ավարտին Էդուարդ Թոփչյանը կոչ արեց վերջ տալ ներքին պատերազմներին. «Միշտ էլ կարելի է փոխել գլխավոր դիրիժորին, և ինձ էլ կարող են փոխել, ես արդեն 15 տարի է՝ այդտեղ եմ, բայց, գիտեք, թե մեր ներքին ռեսուրսներն այս առումով ինչքան սահմանափակ են, և վստահ կարող եմ ասել, որ Դուրգարյանի նման պրոֆեսիոնալ դիրիժոր երկար ժամանակ մենք կարող ենք չունենալ: Ուստի ուզում եմ կոչ անել՝ հերիք ա: Ես կարողանում եմ լավ պատերազմել ու հաղթել, բայց հոգնել եմ: Ամեն մեկը թող իր գործով զբաղվի, բոլորի համար էլ տեղ կա»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ կառուցվածքային աննախադեպ փոփոխությունների արդյունքում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կրճատվել էր թատրոնի գլխավոր դիրիժորի և երաժշտական ղեկավարի հաստիքը: Փոփոխությունների ծրագրման և իրականացման ողջ պատասխանատվությունն իր վրա էր վերցրել թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը: Ինչպես և սպասվում էր, միանձնյա որոշումը միանշանակ չընդունեցին ո՛չ թատրոնի ներսում, ո՛չ հասարակության լայն շրջանակները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս