«Ներիր, որ դու թռար Չեմպիոնների լիգայից». The Sun-ը ներողություն է խնդրել Լուի Վան Գալից
Բրիտանական պարբերականի լրագրողները կատարել են հոլանդացու խնդրանքը: Մամլո ասուլիսի ժամանակ, որը տեղի էր ունեցել դեկտեմբերի 23-ին, Վան Գալը հարց էր տվել լրագրողներին, թե արդյո՞ք ոչ ոք չի ցանկանում ներողություն խնդրել իրենից` «Մանչեսթեր Յունայթեդից» իրեն հեռացնելու մասին մեծ քանակության լուրերի համար:
Դեկտեմբերի 25-ին լույս տեսած The Sun-ի համարը մի ամբողջ էջ հատկացրել է ինքնատիպ ներողություններին:
«Լուի Վան Գալը պահանջեց ներողություն խնդրել, դրա համար… ներողություն:
Ներողություն, որ դու չես հաղթել 6 խաղերում: Ներողություն, որ դու առաջին տեղից ընկար 5-րդ տեղ: Ներողություն, որ դու թռար Չեմպիոնների լիգայից: Ներողություն, որ դու լաց լինելու աստիճան ձանձրալի ես ֆանատների համար: Ներողություն, որ դու ծախսել ես 250 մլն ֆունտ և դեռ միայն սա ես արել:
Մենք շատ ափսոսում ենք, «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներ, բայց նա դեռ մնում է»,- գրել է The Sun-ը:
Ըստ լուրերի, Վան Գալը կզրկվի «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնից, եթե պարտվի առաջիկա 2 հանդիպումներից մեկում:
Մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդն է Ժոզե Մոուրինիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը