Բաժիններ՝

«Պրոֆեսիոնալ տեսանկյունից լավագույն մարզչի քվեարկությունը տրամաբանական չէ». Աբրահամ Խաշմանյան

Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը դժգոհ է 2015 թվականի տարվա լավագույն մարզչի ընտրության արդյունքներից:

Այս մասին նա պատմել է Armtimes.com-ի հետ զրույցում: Մարզիչը քվեարկության արդյունքները տրամաբանական չի համարում: Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից անցկացված քվեարկության արդյունքում տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը:

«Եթե դիտարկենք պրոֆեսիոնալ կողմից, ինձ և շատ մարդկանց համար դա անտրամաբանական է ու անհասկանալի: Եթե դիտարկենք ոչ պրոֆեսիոնալ կողմից, ապա ամեն ինչ տրամաբանական է և հասկանալի: Շնորհավորում եմ Սուքիասյանին արժանի հաղթանակի կապակցությամբ: Ինձ համար անհասկանալի են ակումբները և մարդիկ, ովքեր ինձ ընդհանրապես չեն ընդգրկել անգամ եռյակում: Կարծում եմ՝ խոսում է «բարի» հայկական նախանձը: Շնորհակալ եմ այն մարդկանց և այն լրատվամիջոցներին, ովքեր իրական և պրոֆեսիոնալ ընտրություն են կատարել»,- նշել է Խաշմանյանը:

Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո երկրպագուները սոցիալական ցանցերում ևս դժգոհել էին՝ պահանջելով լավագույն մարզչի տիտղոսը տալ Աբրահամ Խաշմանյանին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս