Ում էր ուղղված Սերժ Սարգսյանի ելույթը ՀԱՊԿ-ում՝ ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի

«Չէի ասի, թե սահմանում նոր բան է կատարվել, որակական և քանակական աճը նոր չէ: Վերջին մի քանի տարիներին մենք նմանատիպ ակցիայի աճի ականատեսն ենք: Իսկ վերջին սրացումը կապված էր նախագահների հանդիպման հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա՝ Ադրբեջանը ռացիոնալ կարիք ունի, որ սահմանում նման լարվածությունն ու կրակոցները շարունակվեն. «Ադրբեջանում տնտեսական ճգնաժամ է, դժվարություններ, իսկ այն, ինչ տեղի է ունենում սահմանին, դրա ռեակցիան է»:

Քաղաքագետի կարծիքով՝ Սարգսյան-Ալիև հանդիպման գլխավոր արժեքը հենց հանդիպման փաստն է. «Հանդիպման գլխավոր արդյունքն այն է, որ Մինսկի գործընթացը շարունակվելու է: Հիասթափություններ չկան, քանի որ սպասելիքներ չեն եղել»:

Անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ քաղաքագետը նշեց, որ մեր շուրջ տեղի ունեցող իրադարձությունները շատ դինամիկ են զարգանում, ռուս-թուրքական հարաբերությունները սրված են, իսկ երկու պետությունն էլ մեզ համար կարևոր են. «Եվ այս ամենը նավթի գնի անկման ֆոնին: Այս տարի Հայաստանը դարձավ ԵՏՄ ֆորմալ անդամ, բանակցություններն էլ ԵՄ-ի հետ Արևելյան գործընկերության շրջանակներում շարունակվում են»:

Խոսելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթ մասին, նա նկատեց՝ ռուս-հայկական հարաբերությունները ՀԱՊԿ շրջանակում կմնան նույնը. «ՀԱՊԿ-ը ռազմական միավորում է, որի անդամ յուրաքանչյուր պետություն տարբեր հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Նախագահի ելույթի մասով կարող եմ ասել, որ ՀՀ-ն ստանում է զենք ու չի կարող դժգոհ լինել և նրա ելույթն էլ կոմպլիմենտար էր: Չեմ կարծում, թե կարելի է լուրջ փոխել ՀԱՊԿ-ի պահվածքը: Երբ Սերժ Սարգսյանն ասաց, որ Ադրբեջանին ուղղորդում են, նկատի ուներ Թուրքիային: Սերժ Սարգսյանի խոսքն ուղղված էր նաև Ռուսաստանին, որ ցույց տա այն դժգոհությունը, որ կար Հայաստանում ու ներքին լսարանին»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս