Ինչպե՞ս է ստացվել, որ տասնյակ տարիներ Հայաստան դեղ են ներկրում 10 ընկերություններ, ինչո՞ւ չկա մրցակցություն

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ներկայացրեց «Դեղերի մասին» օրենքը՝ հարակից օրինագծերով: Ըստ նրա՝ օրենքը նպատակ ունի կարգավորել դեղերի շրջանառությունը:

«Երկրում ստեղծվել են կարողություններ, բայց օրենքը չի ներառում դեղերի շրջանառության բոլոր փուլերը և հաճախ տարընթերցումների տեղիք է տալիս»,- ասաց Ս.Խաչատրյանը:

Նա նշեց, որ օրենքով սահմանվում են պետական քաղաքականության հստակ սկզբունքները, ամրագրվում են դեղերի հենակետային գներ, ստեղծվում է փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորման հանձնաժողով, կարգավորվում է նոր դեղի գրանցումը, սահմանվելու է, որ դեղերը կգրանցվեն 5 տարի ժամկետով, ապա կիրականացվի վերագրանցում:

ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, նշելով, որ Հայաստան թվով 4543 դեղամիջոցներ են ներկրվում 65 երկրներից, կարևորեց գրանցման տարիների միջև ընկած ժամանակաընթացքում վերահսկողությունը, որ ներկրվող դեղերի փոփոխություն չլինի և ընկերությունները գերշահույթներ չապահովեն: Նա հարցադրում արեց, թե ինչպե՞ս է ստացվել, որ տասնյակ տարիներ ՀՀ դեղ են ներկրում 10 ընկերություններ, ինչո՞ւ չկա մրցակցություն:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ դեղերը Վրաստանում ավելի մատչելի են և որակյալ, քան ՀՀ-ում. «Օրենքը կատարյալ չէ, իսկ թե ինչո՞ւ է այսպես ներկայացվել ԱԺ, որովհետև թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական մենաշնորհ է երկրում»: Ըստ Փոստանջյանի՝ մրցակցության բացակայության պայմաններում դեղերը կինեն և՛ անորակ, և՛ ավելի թանկ, քան այլ երկրներում:

Տեսանյութեր

Լրահոս