
Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում կկարողանան 3 մլն դրամից ավելի կանխիկ գնում կատարել

ՀՀ Կառավարությունը իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակը ՀՀ տարածքում օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվող գնումների նկատմամբ սահմանված` կանխիկ վճարումների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերանայումն է: Գործող օրենսդրության համաձայն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից միանվագ գործարքների դիմաց ընդունվող վճարումը չի կարող գերազանցել 3մլն դրամը:
Խնդիրն այն է, որ վերոնշյալ սահմանափակումը խոչընդոտում է ՀՀ տարածքում օտարերկրյա քաղաքացիների կողմից կանխիկ դրամով գնումներ կատարելուն: Օրինագծով առաջարկվում է հանել կանխիկ դրամով վճարումների ընդունման սահմանափակումները բոլոր այն դեպքերում, երբ վճարումներն ընդունվում են օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվող գնումների դիմաց և այդ գնումների մասով տնտեսավարող սուբյեկտները օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս են գրում ԱԱՀ-ի վերադարձի հաշիվ: Օրինագծի ընդունման արդյունքում ակնկալվում է խթանել ՀՀ տարածքում օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվող գնումների ծավալների աճը: