Չի գա մի օր, որ պարտք չվերցնենք, քանի որ նման երկիր աշխարհում չկա. Ատոմ Ջանջուղազյան
Հայաստանը 2014 թ. արդյունքներով գնահատվում է որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ: Համաձայնագրով, հիշեցնենք, ՀՀ-ն ստանալու է 300 մլն դոլար արտոնյալ վարկ:
Ա. Ջանջուղազյանի խոսքով՝ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության տեսակետից որոշ դեպքերում նույնիսկ ավելի ցածր է մեր պարտքի բեռը, քան միջին պարտքի բեռ ունեցող երկրներինը:
«Բայց եթե մի օր էլ դառնանք միջին պարտքի բեռ ունեցող երկիր, դա վերջը չի»,- նկատեց Ա. Ջանջուղազյանը:
Նա հուսախաբ արեց ոմանց՝ հայտարարելով, որ չի գա մի օր, որ պարտք չվերցնենք, քանի որ նման երկիր աշխարհում չկա: Փոխնախարարի խոսքով՝ պարտքով ֆինանսավորվում է բյուջեի դեֆիցիտը, որպեսզի բյուջեով նախատեսված ծրագրերն իրականացվեն: Ընդ որում, ըստ նրա, պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2014 թ-ին եղել է նույն մակարդակին, ինչ 2010թ-ին: