Ում սիրել և ում հետ ամուսնանալ՝ ամեն մի անհատի անձնական գործն է. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Գուցե դա համարվի «ոչ հայրենասիրական», «ապազգային» մոտեցում, բայց ես մարդկանց չեմ ընկալում իրենց էթնիկական պատկանելության լույսի տակ: «Բա գիտե՞ս, այսինչը հայ է»: «Հայ են», օրինակ, բրիտերը, գերմանացիները, բասկերը եւ նույնիսկ չինացիները: Բայց այդ մարդիկ չգիտեն, որ իրենք հայ են` ի՞նչ է մեզ տալիս նրանց մասին ինչ-որ աղբյուրում որպես հայի հիշատակումը: Հասկանում եմ, որ փոքրաքանակ ազգերի մոտ կան նման բարդույթներ:

Վերջերս, օրինակ, մի գրքի շապիկ եմ տեսել, որի իմաստն այն էր, որ հրեաները թաքցրել են Հիսուս Քրիստոսի վրացի լինելը: Բայց եթե մարդը նույնիսկ կրում է հայկական անուն-ազգանուն, բայց որպես հայ իրեն որեւէ ձեւով չի դրսեւորել, ապա նրա հայ լինելն իմ մեջ, ներեցեք, ոչ մի ազգային հպարտություն չի առաջացնում: Օրինակ՝ Սթիվ Ջոբսի երբեմնի զինակիցներից մեկը` ամերիկացի նշանավոր ծրագրավորող Ավետիս (Էվի) Թեւանյանը, հաստատ հայ է: Բայց որքան հասկանում եմ, նրան հայերն ու Հայաստանը բացարձակապես չեն հետաքրքրում` ինչո՞ւ մեզ պիտի հետաքրքրի այդ հրաշալի մասնագետի ազգությունը:

Մի խոսքով՝ անհատն իր հատկանիշներով ինձ համար ավելի կարեւոր է, քան նրա ազգային պատկանելությունը (ճիշտ այնպես, ինչպես նրա քաղաքական կամ կրոնական հայացքները): Հետեւաբար, ես չեմ կարող Ավակով-Սաակաշվիլի բանավեճում «երկրպագել» Ուկրաինայի ներքին գործերի նախարարին՝ զուտ այն պատճառով, որ նա ազգությամբ հայ է: Երկու գործիչներն էլ մեծ դեր են խաղացել վրացական եւ ուկրաինական հեղափոխություններում, երկուսն էլ նպաստել են նոր Վրաստանի եւ նոր Ուկրաինայի կառուցմանը՝ իհարկե, այդ երկու երկրների բոլոր թերություններով:

…Համացանցում տարածվել է Մոսկվայում հայ տղայի եւ ադրբեջանցի աղջկա ամուսնության տեսագրությունը: «Հայրենասեր» հայերն ու ադրբեջանցիները շտապեցին երիտասարդներին դատապարտել: Բայց ում սիրել եւ ում հետ ամուսնանալ՝ ամեն մի անհատի անձնական գործն է: Ամուսնացել են` լավ են արել: Բարի բախտ նրանց, թող ամուր, երջանիկ ընտանիք կազմեն, առողջ երեխաներ եւ թոռներ մեծացնեն»:

Տեսանյութեր

Լրահոս