«ՀՀ-ի օրինակը կարող են կրկնել Ադրբեջանը, Բելառուսը և Կենտրոնական Ասիայի երկրները՝ միապետական իմիջից փոքր-ինչ ազատվելու համար»
«Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվեցին ՀՀ ներկայիս իշխանությունների երկարակեցության համար»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասաց Janes Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը` անդրադառնալով ՀՀ-ում անցկացված սահմանադրական հանրաքվեին և դրա արդյունքներին։
Նա նշեց, որ առերևույթ դրական թվացող սահմանադրական փոփոխություններն իրականում վնասաբեր են Հայաստանի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական զարգացման համար։ Այս փոփոխությունները, նրա խոսքով, կամրագրեն և կխորացնեն Հայաստանում գործող օլիգարխիկ համակարգը, ներկայիս քաղաքական և բիզնես էլիտան, որ խիստ սերտաճած է, ավելի ամուր կկառչի իշխանության ղեկից։ «Մանավանդ, շատ վտանգավոր է այն նոր սահմանադրական նորամուծությունը, ըստ որի` խորհրդարանում ի վերջո մեկ կուսակցություն պետք է ունենա բացարձակ մեծամասնություն։ Սա խիստ սահմանափակում է ընդդիմության դերը երկրի ղեկավարման մեջ»,- նման կարծիք հայտնեց Լիլիթ Գևորգյանը։
Փորձագետը նաև ասաց, որ տնտեսական առումով արտաքին ներդրողներն արդեն իսկ մտահոգված են Մաքսային միությանը միանալուց հետո Հայաստանում նկատվող հետընթացով, հատկապես տնտեսական բարեփոխումների առումով, իսկ նոր համակարգն է՛լ ավելի է ամրացնելու օլիգարխիայի հիմքերը, այսինքն` տնտեսական բարեփոխումներ սպասելն անիմաստ կլինի, մանր և միջին բիզնեսն էլ ավելի դժվար վիճակում կհայտնվի։ Նրա համոզմամբ, այս ամենի արդյունքում Հայաստանն ավելի կհեռանա ազատ, մրցակցային շուկա ստեղծելու հնարավորությունից։
Այնինչ, փորձագետի դիտարկմամբ, Հայաստանի տնտեսությունը չափազանց խիստ կարիք ունի արտաքին ներդրումների, բայց ձևական սահմանադրական փոփոխությունները շատ փոքր քայլ են, որպեսզի ներդրողները համոզվեն և կապիտալ բերեն երկիր։ «Հայաստանում տարածված են կաշառակերությունը, նեպոտիզմը, դատական համակարգն անկախ չէ, կառավարության անդամների հետ սերտ կապեր չունեցող բիզնեսի իրավունքները թույլ են պաշտպանված։ Չնայած տասնամյակից ավելի հնչող խոստումներին, մի շարք ԱՊՀ երկրների նման, Հայաստանը դեռ ոչ մի նկատելի հաջողությունների չի հասել այս առումով։
Ավելին, վերջին սահմանադրական փոփոխություններն անզեն աչքով իսկ նկատելի է, որ քաղաքական ինժեներության հնարք են` ներկայիս իշխանությունների երկարակեցությունն ապահովելու համար, ուստի սա պոտենցիալ ներդրողների համար ևս մեկ բացասական զարգացում է, քանի որ ակնհայտ է, որ նոր քաղաքական ուժեր չեն գալու իշխանության գլուխ, իսկ ներկայիս կառավարությունը լուրջ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումներ չի անելու»,- նշեց Գևորգյանը։
Քաղաքական առումով, ըստ լոնդոնաբնակ վերլուծաբանի, իշխանության երկարաժամկետ ամրագրումը վերնախավի փոքրաթիվ ներկայացուցիչների ձեռքում, վտանգավոր է, քանի որ այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ իրական իշխանափոխության բացակայության դեպքում քաղաքական բռնությունների վտանգը մեծանում է։ Ավելին, նրա խոսքով, հանրային տարերային ընդվզումների, բռնի ուժի կիրառման հավանականությունը մեծանում է, երբ բոլոր հնարավոր խաղաղ մեթոդները փաստացիորեն վերացվում են, անկախ նրանից, թե թղթի վրա ինչ է գրված։
«Քանի որ Հայաստանը, տասնամյակից ավելի է, ինչ չի կարողացել ազատ և արդար ընտրություններ անցկացնել, գրեթե անհավանական է, որ ներկայիս իշխանություններն ապահովեն ազատ և անկախ ընտրություններ, որոնց արդյունքում ներկայիս օլիգարխները, ինչպես նաև` նախագահը, կարող են պարտվել և լիովին զրկվել իրենց քաղաքական և տնտեսական շնորհներից։ Սա նշանակում է, որ հայ ընտրողները չեն կարողանա օգտվել պառլամենտական համակարգի դրական կողմերից»,- ասաց Լիլիթ Գևորգյանը։ Եթե, փորձագետի համոզմամբ, ազատ ընտրություններ չլինեն, ապա նշանակում է, որ այս փոփոխությունները լուծեցին միայն մեկ հարց, այն է` ՀՀ ներկայիս նախագահ Ս. Սարգսյանի` իշխանության ղեկին մնալու խնդիրը։
«Հայաստանի օրինակը կարող է նաև ընդօրինակվել Ադրբեջանի, Բելառուսի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների կողմից։ ՀՀ իշխանությունների նախաձեռնած փոփոխությունը գրավիչ տարբերակ է։ Նախ` այն կօգնի միապետական իմիջից փոքր-ինչ ազատվել։ Խորհրդարանական և նախագահական երկու ձևական ընտրություններ անցկացնելու փոխարեն` կլինի միայն մեկը։ Բացի այդ, իշխանափոխության հարցն ավելի հեշտ կլուծվի, քանի որ այն հանգիստ կանցնի իշխող էլիտայի վստահելի անդամին կամ նախագահի ընտանիքի անդամներից մեկին»,- այս կարծիքին է վերլուծաբանը։
Վերջինս հիշեցնում է, որ ՀՀ իշխանությունները պնդում են, թե նոր Սահմանադրությունը դրական զարգացումներ է ապահովում։ «Եթե իսկապես սահմանադրական փոփոխություններն արվեցին Հայաստանի պետական ինստիտուտները և ժողովրդավարությունն ամրապնդելու համար, ապա սա հեշտ է ստուգել։ Հաջորդ նախագահական ընտրությունները պետք է լինեն ազատ և անկախ, ի տարբերություն նախորդների, իսկ նոր ընտրված խորհրդարանը և վարչապետը պետք է կազմաքանդեն ներկայիս օլիգարխիան։ Կարծում եմ` նման արդյունքների դեպքում միայն կարող ենք խոսել նոր Սահմանադրության դրական ազդեցության մասին»,- ընդգծեց Janes Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը։