Ում էր վատություն արել Շանթի Յուրան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 15-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երեւանի Բաշինջաղյան 65 տանը, որը պատկանում է գործարար, «էլիտ Շանթ» ՍՊԸ-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանին:

Նկատենք, որ այս ավազակային հարձակումը մի շարք հարցականներ է առաջացրել ոչ միայն հասարակության, այլեւ իրավապահների շրջանում: Դատելով մինչ այս տեղի ունեցած դեպքերից՝ ավազակային հարձակում իրականացնողները սովորաբար բնակարաններ կամ առանձնատներ են մուտք գործում երեկոյան ժամերին: Սակայն այս դեպքում Գեւորգ Սարգսյանը գործարարի տուն էր մտել ժամը 14:00-ի սահմաններում, ինչը կասկածի տեղիք է տալիս:

Միգուցե Գեւորգ Սարգսյանի նպատակը գործարարին թալանելը չի՞ եղել, այլ նա ուրի՞շ հարց է ունեցել Վարշամ (Յուրա) Ղարիբյանի հետ: Իսկ ո՞վ է Գեւորգ Սարգսյանը եւ ի՞նչ կապ կարող էր ունենալ գործարարի հետ:

Ըստ «Ժողովուրդ»-ին հասած լուրերի` Գեւորգ Սարգսյանը ապրում է Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցի, կամ առավել հայտնի` Չերեմուշկայի տարածքում: Նա քրեական աշխարհում հայտնի Գեչի Սամոյի փեսան է: Ամուսնացած էր, ուներ երկու երեխա: Գեւորգ Սարգսյանի հարեւանների, ինչպես նաեւ նրան ծանոթ տղաների համար կատարվածը շատ զարմանալի է:

Այսպիսով, ի՞նչը կարող էր նրան դրդել գնալ այդ քայլին, հուսանք, որ իրավապահները կպարզեն կարեւորագույն հարցի պատասխանը: Սակայն մեկ ուշագրավ հանգամանք էլ կա: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ շատ տարիներ առաջ Գեւորգ Սարգսյանի աները՝ հանցավոր աշխարհում հայտնի Գեչի Սամոն, աչք է ունեցել «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի վրա, որը նախկինում եղել է հացի արտադրամաս:

Ըստ լուրերի՝ «Էլիտ Շանթ» հացի արտադրամասի տնօրեն Աշոտ Մանուկյանը լուրջ «ռազբորկաների» մեջ է եղել նրա հետ: Բանը հասել է նրան, որ Աշոտ Մանուկյանը սպանել է Գեչի Սամոյին: Ավելի ուշ վենդետա է տեղի ունեցել, եւ Գեչի Սամոյի որդին հենց հիվանդանոցում սպանել է Աշոտ Մանուկյանին:

Իրավապահները չեն բացառում, որ Գեւորգ Սաֆարյանին կարող է դրդած լինել վարչության պետի ու գործարարի կապը, ինչի համար նա կարող էր փորձել այդ կերպ վրեժխնդիր լինել: Համենայնդեպս, այս օրերին իրավապահները փորձում են բոլոր վարկածները քննելով՝ գտնել սպանված Գեւորգ Սարգսյանի եւ գործարար Յուրա Ղարիբյանի միջեւ եղած կապը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս