Իշխանության իրական պահապանները
Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեին հաջորդած ամենակարևոր արձանագրումներից մեկն այն էր, որ անգամ պաշտոնական, այսինքն՝ նվազեցված տվյալներով, Հայաստանում ավելի քան 400 հազար մարդ դեմ է իշխանություններին: Այդքան մարդ դեմ էր քվեարկել սահմանադրական փոփոխություններին: Բոլորն են ընդունում, որ այդքան մարդ դեմ է քվեարկել ոչ թե սահմանադրական նախագծին, այլ այն ներկայացրած իշխանություններին:
Բոլորը, անգամ իշխանություններն են ընդունում, որ այդքան մարդ ոչ թե ինքնանպատակ է դեմ արտահայտվում իշխանությանը, այլ միանգամայն օբյեկտիվ հիմքեր ունենալով՝ դժգոհում է սոցիալ-տնտեսական իրավիճակից, գործազրկությունից, անարդարությունից, և այլն: Հանրաքվեի արդյունքում արտահայտված այդ արձանագրումը մեկ այլ՝ նույնքան կարևոր և Հայաստանի քաղաքական կյանքի ներկայիս ճահճացումն արտահայտող արձանագրման հիմք դարձավ. Հայաստանի ընդդիմությունն ի վիճակի չէ մոբիլիզացնել այդ բողոքական ընտրազանգվածի անգամ մեկ տոկոսին:
Այն դեպքում, երբ բոլորն ընդունում ու խոստովանում են նաև, որ 30-40 հազար քաղաքացու իրական մոբիլիզացիայի, հրապարակում այդքան քաղաքացու առկայության դեպքում իշխանությունը գործնականում չի կարող դիմադրել հրաժարականի պահանջին: Այլ կերպ ասած, Հայաստանում պաշտոնապես արձանագրված բողոքական ընտրազանգվածի 10 տոկոսը բավարար է իշխանափոխություն իրականացնելու համար: Իսկ ինչո՞ւ չի մոբիլիզացվում այդ տասը տոկոսը:
Կարելի է դրա համար տասնյակ պատճառներ թվարկել, այդ թվում՝ մեղադրել հասարակությանը, բայց բոլոր պատճառները, ի վերջո, հանգում են նրան, որ հասարակությունը գրեթե հավասարապես հիասթափված է ինչպես՝ իշխանությունից, այնպես էլ՝ ընդդիմությունից: Հիասթափված է այնքան, որ գերադասում է հանդուրժել գործող իշխանությանը, քանի որ, եթե գործող իշխանությանը չհանդուրժեր գործող «հրապարակային» ընդդիմությունից, ապա կմոբիլիզացվեր հարթակը գրաված ուժերի շուրջ:
Եթե չի մոբիլիզացվում, նշանակում է՝ համարում է, որ գործող իշխանությունը՝ վատը լինելով հանդերձ, ավելի լավ է, քան կլինեին հեղափոխության ու իշխանափոխության կոչեր անող ընդդիմության ներկայացուցիչները՝ հաջողության հասնելու դեպքում: Հասարակությունն այդպես է համարում ու դուրս չի գալիս փողոց՝ ապահովելով իշխանության հարատևությունը:
Ու ստացվում է, որ իրականում գործող իշխանության հիմքը, շարունակականության գրավականը ոչ միայն՝ ընտրակեղծարարներն են, ոչ միայն՝ ուժային կառույցներն ու նրանց կից գործող կիսաքրեական հեղինակություններն են, այլ առաջին հերթին՝ ընդդիմությունն է՝ այն որակներով, որով հանդես է գալիս: Կլիներ ընդդիմությունն այլ որակի, այնպիսի որակի, որով կվայելեր հասարակության վստահությունը, չէր լինի գործող իշխանությունը, կամ նրա գոյությունն առնվազն լրջորեն վտանգված կլիներ: Ու վտանգված լինելով՝ իշխանությունն ավելի զուսպ ու ավելի զգոն կլիներ, ու ավելի զգոն լինելով՝ ավելի քիչ կթալաներ, ու ավելի քիչ թալանելով՝ ավելի արդյունավետ կլիներ…
Այս շարքը կարելի է շարունակել, բայց դրանից իրերի դրությունը չի փոխվում: Իսկ իրերի դրությունը հանգում է նրան, որ, կրկնում ենք, իրականում գործող իշխանության գրավականը ներկայիս ընդդիմությունն է՝ իր աղճատված, պառակտված ու մանրախնդիր որակներով: Դրա համար էլ իշխանությունն ամեն ինչ անում է ընդդիմությանն այս տեսքով պահպանելու համար, քանի որ ընդդիմությանն այս տեսքով պահպանելով՝ պահպանում է ինքզինքը:
Այնպես որ, իշխանության պահապանները ոչ միայն շմայսներն ու սամվելալեքսանյաններն են, ոչ այնքան սաքուլիկներն ու շպարված դպրոցի տնօրինուհիներն են, այլ նաև Ժիրայր Սէֆիլյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, մյուս Հովհաննիսյանը՝ Հմայակը, ու Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանն ու մյուսները: Նրանք անդամատոմսով ՀՀԿ-ականներ չեն, սակայն ֆունկցիոնալ առումով՝ շատ ավելի «նժդեհական» են, քան անդամատոմս ունեցող բոլոր ՀՀԿ-ականները՝ միասին վերցրած: