«Հռոմի պապը չէ, որ սրբության տեղ դնենք». Գալուստ Սահակյանը՝ ԱՄՆ դեսպանատան հայտարարության մասին

«Ես չեմ ուզում կշռելի դարձնել այդ հայտարարությունը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով սահմանադրության հանրաքվեի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը:

Գ. Սահակյանի խոսքով՝ իրենք տեղյակ են՝ յուրաքանյուր հայտարարություն որտեղից է գալիս. «Ինչո՞ւ Ճապոնիան չէ, Չինաստանը չէ… Քաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակի տրամաբանւթյանը տեղյակ ենք, ու մենք տեղյակ ենք, թե յուրաքանչյուր հայտարարություն որտեղից է գալիս ու ինչի համար է»:

Հարցին՝ «որտեղի՞ց էր գալիս» այդ հայտարարությունը, Գ. Սահակյանն այսպես է արձագանքել. «Այսինքն, եթե դեսպանատները հայտարարում են` դա Հռոմի պապը չէ, որ սրբության տեղ դնենք, կարող ենք նաև հակադարձել, պարզապես մենք էլ մեր քաղաքականությունն ունենք»:

Լրագրողներից մեկի այն դիտարկմանն էլ, թե, փաստորեն, դա հերթական ապտակն էր Հայաստանի իշխանություններին, ԱԺ նախագահը պատասխանեց, որ Հայաստանի իշխանություններին որևէ մեկը չի պատրաստվում ապտակել. «Բացի այդ, Հայաստանի իշխանություններին ապտակը կարող է վերաբերվել պետությանը, այնպես որ, զգույշ եղեք ձեր հայտարարություններում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս