«Չի կարելի վարորդների համար անել մի լավ բան, եթե վարորդներն այդ քննարկմանը չեն մասնակցում»

«Արդարադատության նոր նախարարը փորձում է ինչ-որ բաներ կորզել մեր նախորդ ասածներից, ինչ-որ բալային համակարգ են ներմուծում, բայց դա մեզ հետ չեն քննարկում, այսինքն՝ դա նույնն է, որ հաշմանդամության խնդիր ունեցողների համար թեքահարթակ են սարքում այն դեպքում, երբ ոչ մի տրանսպորտային միջոց հարմարեցված չէ նրանց համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արման Սուլեյմանյանը՝ հավելելով, որ Արդարադատության նախարարությունը բալային համակարգ է ներմուծել, ըստ որի՝ 600 բալ յուրաքանչյուր վարորդին կտրվի:

«Նախ՝ հարց է առաջանում, թե ո՞վ է որոշել այդ չափորոշիչները: Երկրորդ, ամենացավալի հարցն այն է, որ նախարարն ասում է՝ երբ վարորդը սպառի այդ բալերը, նա կարող է գնել նոր միավորներ և այդպիսով համալրել իր հաշիվը: Այսինքն՝ մտածողությունը չի փոխվում. կրկին ու կրկին ամեն ինչը կապում են փողի հետ: Այլանդակ, լկտի վարող վարորդները պետք է շարունակեն անել այն, ինչ անում են, հետո գումարով գնեն: Մի կողմից թվում է, թե «Դուրս մեր գրպանից»-ի առաջարկությունը կատարում են, մյուս կողմից՝ էլի ամեն ինչ փողով է»,- ասաց նա:

Ըստ Ա. Սուլեյմանյանի՝ եթե ուզում են փոփոխություններ, ապա 600 բալը սպառելուց հետո մարդուն պետք է ընդհանրապես զրկեն վարելու իրավունքից, «որպեսզի ահն իր սրտում լինի, ու շնորհքով վարի»:

Լրագրողի դիտարկմանը՝ հենց այդպես էլ առաջարկում է նախարարը, նա պատասխանեց, որ չի հավատում ցանկացած փոփոխության, որին թիրախային խումբը չի մասնակցում. «Չի կարելի վարորդների համար անել մի լավ բան, եթե վարորդներն այդ քննարկմանը չեն մասնակցում: Կաբինետներում որոշում ընդունել չի կարելի։ Օրենքը չի կարող լավը լինել, եթե այն չի քննարկվել շահագրգիռ կողմերի հետ»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս