«Արջի ծառայություն մատուցողները» կենտրոնի՞ց են ուղղորդվել

Դեկտեմբերի 6-ին սահմանադրական հանրաքվեին մասնակցելու համար քաղաքացիներին տրվել է 146 9-րդ ձև: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որ հանրաքվեի օրն ընտրատեղամասերում կարելի էր հանդիպել բազմաթիվ մարդկանց, ում ձեռքին տրցակով 9-րդ ձև կար, որը թույլ է տալիս քվեարկություն կատարել առանց անձնագրի:

«Չէին կարող տրցակով կամ բազմաթիվ քանակով 9-րդ ձևեր հայտնվել քաղաքացիների ձեռքին, որովհետև նույն 9-րդ ձև կոչվածն անձի ինքնությունը հաստատող ժամանակավոր վկայական է: Տվյալ օրը՝ քվեարկության օրը, ամբողջ Հայաստանի տարածքում քաղաքացիներին տրվել է թվով 146 9-րդ ձև»,- ասաց Մնացական Բիչախչյանը՝ նշելով, որ ՀՀ կառավարության որոշումներով նախատեսվել է դրույթ, որ ժամանակավոր վկայանականները տրամադրվում են բացառապես անձի դիմումի հիման վրա, լիազորված անձի միջոցով այն չի կարող տրամադրվել.

«Անձի ներկայությունը տվյալ անձնագրային ծառայությունում պարտադիր է: Անձը, գտնվելով արտասահմանում կամ որևիցե այլ տեղ, չի կարող ստանալ ժամանակավոր վկայական»: Մնացական Բիչախչյանը նշեց, որ 9-րդ ձևը տրամադրվում է լուսանկարով, դրանում նշվում է քաղաքացու հասցեն, վկայականի համարը, տրման ամիսը, օրը, դրվում է կնիք: Նրա խոսքով՝ ժամանակավոր վկայականը տրամադրվում է երկու դեպքում՝ երբ անձը նույնականացման քարտ պետք է ստանա, ստանալուն որոշակի ժամանակ կա, սակայն նրան անձը հաստատող փաստաթուղթ է անհրաժեշտ, և, երբ անձը հայտարարում է, որ անձնագիրը կորել է: «Ղեկավարելով անձնագրային ծառայությունը՝ ես պաշտոնապես ասում եմ՝ բացառվում է, որ մեկ անձին տրամադրված լինի մի քանի 9-րդ ձև»,- ասաց Մնացական Բիչախչյանը: Նա նշեց նաև, որ Ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածը սահմանում է, որ անձը հաստատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը, նույնականացման քարտը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, իսկ զինծառայողների համար՝ զինվորական գրքույկը:

Մնացական Բիչախչյանը հրապարակեց տվյալներ, որոնց համաձայն՝ 16 հազար 856 քաղաքացի ընդգրկված է եղել լրացուցիչ ցուցակներում՝ ըստ գտնվելու վայրի, 140 ոստիկան ընդգրկված է եղել գործուղվող ոստիկանների ցուցակում, 270 քաղաքացի՝ հաշվառում չունեցողների լրացուցիչ ցուցակում, 1542 քաղաքացի՝ հիվանդանոցների լրացուցիչ ցուցակում: Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ այլ համայնքում հաշվառում ունեցող անձը, եթե ընտրությունների օրը գտնվելու է այլ համայնքում, կարող է դիմել Անձնագրային ծառայություն և ընդգրկվել լրացուցիչ ցուցակում: Նրա խոսքով՝ Երևանը մեկ համայնք է, և Երևանի վարչական շրջաններից մեկում հաշվառված անձը չէր կարող մեկ այլ վարչական շրջանի լրացուցիչ ցուցակում ընդգրկվել:

Կարդացեք նաև

ՀՀ ոստիկանության Իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանն էլ ասաց, որ համացանցում տարածվել է տեսագրություն, որում երևում են փաստաթղթեր, որոնց վրա լուսանկարներ չկան, ինչը նշանակում է, որ սկզբունքորեն բացառվում է, որ այդ փաստաթուղթն 9-րդ ձև լինի:

Հարցին՝ արդյոք պարզվե՞լ է՝ ընտրախախտումների վերաբերյալ տեսագրությունները մոնտաժված եղե՞լ են՝ հաշվի առնելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի համապատասխան հայտարարությունը, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը պատասխանեց, որ այդ մտքին ծանոթ չէ. «Երևի նկատի են ունեցել ընդամենը, որ շատ հաճախ համացանցում տեղադրված նյութերն ամբողջական չեն լինում, մոնտաժված կամ ինչ-որ կտորներով են լինում տեղադրված: Երևի դա են նկատի ունեցել: Իսկ մնացածը… ցանկացած տեսանյութի կապակցությամբ, կարծում եմ, քննությունը կտա լիարժեք պատասխան, որովհետև այս պահին պատասխանել չի լինի. նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, այդ թվում նաև՝ հստակ պատասխան տալու համար, թե արդյոք կոնկրետ հաղորդման կամ ահազանգի հիմքում ընկած տեսանյութը մոնտաժվա՞ծ է, թե՞ ոչ»:

Լրագրողների հարցին՝ արդյոք «արջի ծառայություն մատուցողները» կենտրոնի՞ց են ուղղորդվել, Հունան Պողոսյանը պատասխանեց, որ որպես կանոն՝ եղել է անձնական նախաձեռնություն. «Հիմար եմ համարում առնվազն նրան, ով կարող է կանգնել և ասել՝ իմ գյուղական համայնքում բոլորն «Այո» են ասելու, նույն չափով, նույն ձևով հիմար եմ համարում նաև նրան, ով կարող է ասել, թե՝ մեր համայնքում բոլորը «Ոչ» են ասելու: Չկա նման բան: Իմ, ձեր, մեր ազգաբնակչության ցանկացած ներկայացուցչի անունից ոչ ոք լիազորված չէ խոսել: Իմ անունից խոսում եմ ես, ձեր անունից՝ դուք»:

Տեսանյութեր

Լրահոս