Բաժիններ՝

Աստված ինչո՞ւ թույլ տվեց Իրեն դավաճանած հրեշտակին գտնվել մեր նման հողեղեն մարդկանց կողքին

– Աստված ինչո՞ւ թույլ տվեց Իրեն դավաճանած հրեշտակին գտնվել մեր նման հողեղեն մարդկանց կողքին:

– Դուք մի կարևոր հանգամանք հաշվի չեք առնում. այս ամենը նայում եք ձեր` որպես ստեղծվածներից մեկի տեսանկյունից և ոչ թե Ստեղծող Աստծո: Աստծուց չար բան չի կարող ստեղծվել: Դա միանշանակ հասկանալի է: Ձեր հարցադրումը նույնն է դրախտում չարի և բարու գիտության ծառը դնել-չդնելու խնդրի հետ, որովհետև նույն կերպ Դուք կարող եք այդ ծառը համեմատել նույն սենյակում դրված եռացրած ջրի հետ: Տարբերությունը միայն այն է, որ մենք փոքր երեխա չենք: Ադամն ստեղծվեց կատարյալ հասակով ու տարիքով և Աստծո կերպարանքով ու նմանությամբ:

Հետևաբար, խոսք չի կարող լինել միամտության մասին: Եթե ուզում եք իմանալ, հենց բարու և չարի գիտության այդ ծառն էր հողից ստեղծված մարդուն ՄԱՐԴ դարձնողը, կենդանիներից տարբերակողը, որովհետև Աստծուց տրված ամենամեծ պարգևը` ազատ կամքը, այդ ծառի պտղից ուտել-չուտելու երկընտրանքի առիթ դառնալով, որոշում կայացնելու, բանականությունը, ազատ կամքը գործի դնելու առիթ էր: Այլ հարց է, որ Եվան ու Ադամը չդիմացան գայթակղությանը: Բերեք դա համեմատենք Աբրահամի դրվագի հետ:

Աբրահամի համար էլ հավատի լուրջ փորձություն էր Իսահակի զոհաբերման պահանջը: Բայց հավատը հաղթեց: Ադամը գիտեր, որ Աստված է իրեն ստեղծել, ամեն ինչ դրել իր ոտքերի տակ, Աբրահամն էլ գիտեր, որ Իսահակի ծնունդն իսկական հրաշք էր, որովհետև ֆիզիկապես ինքը չէր կարող զավակ ունենալ, բայց հավատաց Աստծո խոստմանը` գիտակցելով, որ իրեն զավակ պարգևելու հրաշքը գործած Աստված կարող է նաև այդ զավակին հարություն տալու հրաշքն էլ գործել: Հետևաբար Աբրահամն էլ Ադամի պես իր ԱԶԱՏ ԿԱՄՔով հնազանդվեց Աստծուն: Եթե չարն ամբողջությամբ վերանար, մարդն ընտրելու հնարավորություն չէր ունենա: Այդ դեպքում ինչո՞վ կտարբերվեր կենդանիներից: Տեսե՞լ եք մի կենդանու, որի խիղճը տանջի այս կամ այն արարքի համար: Այն, ինչ աշխատանքով է ձեռք բերվում, ավելի է գնահատվում: Ադամը դրա համար չկարողացավ ճիշտ գնահատել իր վիճակը: Հիմա մեր վիճակը նույն Ադամի և Աբրահամի վիճակի պես է` ընտրության առջև ենք:

Մենք ենք ընտրում, թե որ բանակից ենք: Ու նորմալ է, որ այս կյանքում, որ պատերազմի պես է, մենք շատ անգամ պարտություն կրենք, բայց այն պարտությունը, որը դեռ չի սպանել մեզ (Հուդայի դեպքում սպանեց, որովհետև նա հուսահատվեց, որ ներում չի գտնի), այն մեզ ավելի ուժեղ է դարձնում, թրծում է կրակի պես: Այս կյանքը մեծ դպրոցի պես է, որտեղ մենք սովորում ենք, թե որտեղից ենք գալիս, բայց մենք ենք ընտրում, թե ուր ենք ուզում գնալ: Չարն այս դեպքում ցանկանալով վնասել մեզ, ավելի ուժեղ է դարձնում, ավելի կոփված, ավելի իմաստուն, ավելի գիտակից, մենք սկսում ենք հասկանալ, որ մեր իրական ուժը Աստծո շնորհի մեջ է և ըստ Քրիստոսի խոսքի` Աստծո համար անկարելի բան չկա:

Ի վերջո, Քրիստոս եկավ հենց չարից խոցվածների ու վիրավորվածների համար` ասելով, որ առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին: Այնպես որ, մի հուսահատվեք հավատի ու այլ փորձություններում անընդհատ պարտություն կրելով, որովհետև ոչինչ կորած չէ, եթե թեկուզ դեռ մեկ փորձելու հնարավորություն կա: Ուզում եմ հիշեցնել Հայրերից մի դրվագ: Վանականներից մեկը գալիս ու վանահորը խնդրում է արձակել իրեն վանքից: Վանահոր «ինչո՞ւ» հարցին պատասխանում է` «Ես ընկա, Հայր»: Վանահայրը պատասխանում է. «Ուրեմն բարձրացիր»: «Բայց ես նորից ընկնում եմ»:

«Նորից բարձրացիր», – ասում է վանահայրը: «Եվ այդպես քանի՞ անգամ», –  հուսահատ ու ընկճված պատասխանում է վանականը: «Որքան որ ընկնես, այնքան էլ բարձրացիր, որովհետև նրանք ովքեր չեն կարող բարձրանալ, միայն գերեզմանում են»: Եվ վերջում: Հիշեցեք Քրիստոսի աջակողմում խաչվածին: Ամբողջ կյանքը մեղսավոր ապրած մարդը կյանքի վերջին րոպեներին փրկվեց իր ԱԶԱՏ ԿԱՄՔՈՎ Քրիստոսին չհայհոյելու, չկասկածելու, այլ ՔՐԻՍՏՈՍԻՆ ՀԱՎԱՏԱԼՈՒ շնորհիվ: Աստված ուժ, կարողություն, իմաստություն և առաջնորդություն տա Ձեզ` Իր ճանապարհները հասկանալու և դրանցով գնալու համար:

Աղոթաբար` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս