Բաժիններ՝

Ագնեսա Շահնազարյանը` հեռուստատեսային դադարի, անձնական կյանքի ու ապագա ծրագրերի մասին. Life.panorama.am

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է տարբեր հեռուստասերիալներից եւ նախագծերից հայտնի դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը: Եթերային դադարի, թատրոնային գործունեության եւ անձնական կյանքի մասին դերասանուհին անկեղծացել է:

-Ագնեսա, ինչո՞ւ է երկարում Ձեր հեռուստատեսային դադարը, ինչո՞վ է դա պայմանավորված:

– Շատ անկեղծ կպատասխանեմ՝ ինքս էլ այդ հարցի պատասխանը չգիտեմ, մի հրավեր եղել է այս ընթացքում, որը մերժել եմ, ինչից հետո, որպես այդպիսին, այլեւս հրավերներ չեմ ստացել: Այսինքն առաջարկների բացակայությամբ է պայմանավորված այս ընթացքի լռությունս:

-Այսինքն՝ այս դադարը կոնֆլիկտային հիմք չունի՞:

– Ոչ, նման ոչ մի դեպք չի եղել: Առողջ կոնֆլիկտ կարող է տեղի ունենալ յուրաքանչյուր աշխատանքային միջավայրում, բայց որպես այդպիսին, մեծ կոնֆլիկտ, որը կարող էր պատճառ դառնալ իմ լռության համար, չի եղել: Հակված եմ նրան, որ իմ տեսակի կարիքը այլեւս չկա:

-Թատրոնում ինչպես միշտ ակտիվ գործում եք: Կպատմեք՝ ինչպե՞ս են այնտեղ ընթանում աշխատանքները:

– Հիմա խաղում եմ Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, զբաղված եմ երեք ներկայացման մեջ: Քանի որ այս թատրոն նոր եմ եկել, դեռեւս ինտեգրման փուլում եմ, հուսամ ապագայում էլ ավելի կհաստատվեմ եւ դերերս էլ կշատանան: Բացի այդ, ունեմ երկու մոնոներկայացում, որոնցով մասնակցում եմ բազմաթիվ միջազգային փառատոնների: Այս երկու մոնոներկայացումներս հասցրել եմ ներկայացնել տարբեր երկրներում, արժանանալ բավականին լավ վերաբերմունքի, արդեն նոր առաջարկներ էլ ունեմ՝ նախատեսում եմ հաջորդ տարի մեկնել Գերմանիա եւ այնտեղ կայանալիք ֆեստիվալին ներկայանալ: Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել դրսում ներկայացնել Հայաստանը եւ արժանանալ մի շարք մրցանակների: Ընդ որում ասեմ, որ պատահել է, երբ ներկայացել եմ անգամ հայերենով, ինչի համար էլ ավելի ուրախ եմ, թեպետ կան փառատոններ, որոնք կոնկրետ պահանջում են ռուսերեն լեզվով խոսել: Այս շարքում ինձ համար առավել կարեւոր էր «Встречи в России» փառատոնը, որը մոնոներկայացումների փառատոն չէր, բայց ինձ հատուկ հրավիրել էին, որտեղ էլ արժանացա լավագույն դերակատարի եւ լավագույն ներկայացման տիտղոսին:

-Իսկ Հայաստանի հանդիսատեսը, ե՞րբ կրկին կտեսնի Ձեր մոնոներկայացումները:

– Քանի որ հիմա թատրոնների դահլիճները ավելի շատ զբաղված են ամանորյա մանկական ներկայացումներով, ուստի ես կրկին կներկայանամ իմ հանդիսատեսին արդեն հաջորդ տարի:

-Ձեր մոնոներկայացումներին ո՞ր թեմաներին եք անդրադառնում:

– Երկու դեպքում էլ կնոջ խնդիրների մասին է խոսվում: Մեկը Կարինե Խոդիկյանի «Պենելոպեն» է, որը Ոդիսեւսի հայտնի Պենելոպեի պատմությունն է՝ ժամանակակից մոտեցումներով, իսկ մյուսը Նելլի Շահնազարյանի «Շատերից մեկը» ներկայացումն է, այն տանը մնացած աղջկա մասին է, ով շատ տգեղ է, ունի իր խնդիրները: Թե երրորդը ինչպիսի մոնոներկայացում կլինի, ցույց կտա ժամանակը:

 

 

-Շատ տարիներ առաջ մի արտահայտություն եմ լսել Ձեզնից, ըստ որի՝ դուք հաճախ եք Ձեր հասցեն փոխում, երբեմն վերանորոգումից ավելի հաճախ փոխում եք բնակարանը: Ձեր այսպիսի մոտեցումը տարիներ հետո դեռ շարունակվո՞ւմ է:

– Այո, ավելին ասեմ՝ գարնանը ուզում ենք կրկին փոխել մեր բնակարանը: Ես չգիտեմ իմ այդ տեսակը ինչի հետ է կապված, բայց ես այդպիսինն եմ: Ընդամենը երեկ ես իմ տան պատին սեւ ու կարմիր ծաղիկներ նկարեցի, որը դեռ ինձ դուր է գալիս, բայց, կարծում եմ, մինչ գարուն կհոգնեցնի, ուստի կամ պետք է նորից վերանորոգում արվի, կամ տունը փոխվի՝ ավելի հավանական է, որ տունը կփոխվի: Այս հարցում սկզբում մայրս էր սրտնեղում, բայց նա էլ արդեն հարմարվել է իմ այդ տեսակին:

-Ագնեսա, մարդկանց հետ եւս շատ չե՞ք կապվում:

– Հակառակի պես, մարդկանց խայտառակ կերպով եմ կապվում, ինչը մեր օրերում շատ սխալ է. ուշ, բայց եկել եմ այդ եզրահանգման:

-Ներողամի՞տ եք:

– Կարող է շատ բաներ ներեմ, անվերջ թվալու չափ անընդհատ ներեմ, բայց մի օր վերջին կաթիլից լցվի համբերության բաժակս ու մի բառից շատ խորը վիրավորանք ապրեմ: Դրանից հետո էլի կներեմ, բայց այլեւս առաջվանը չեմ լինի. իմ կյանքում եղել են նման դեպքեր, ես շփվում եմ նրանց հետ, բայց ոչ առաջվա պես, քանի որ կեղծավոր մարդ չեմ, ցույց եմ տալիս այն, ինչ ներսումս կա: Եթե իմ մեջ մի բան կոտրվեց, ուրեմն այն ակնառու է դառնում, ես սոսինձով կպցրած հարաբերություններ չեմ սիրում, տանել չեմ կարողանում:

-Այս ճանապարհին ընկերներ շա՞տ եք կորցրել:

– Շատ, անսահմանափակ քանակությամբ:

-Ագնեսա, նման դեպքերում Ձեր մեջ սխալը ման գալի՞ս եք, թե մարդկանց կորցնում եք միայն այն ժամանակ, երբ իրադարձությունը կամ իրավիճակը Ձեզնից չի կախված:

– Այո, հիմնականում իրավիճակը ինձնից կախված չի լինում: Նման դեպքերը մեծամասամբ լինում են այն ժամանակ, երբ ինձ շատ ցավեցնում են: Ես չեմ վիճում, կռիվ չեմ անում, պարզապես չեմ ընդունում, որ մարդիկ կարող են սխալ վայրում, սխալ շրջապատում արտահայտվել այն, ինչը կարող է կոտրել հարաբերությունները, կարող է վիրավորել:

-Իսկ առաջին քայլը դուք չե՞ք անում:

– Երբ ես մի բանից վիրավորվում եմ, պարտադիր դիմացնիս պարզ ասում եմ, որ դա ինձ դուր չեկավ, որ այդ մի բանը ինձ նեղացրել է: Երբ մարդն ինձ համար շատ թանկ է, պատրաստ եմ իր սխալի դեպքում էլ առաջին քայլը ինքս անել, նման դեպքեր էլ են եղել իմ կյանքում: Կյանքն առանց այդ էլ շատ կարճ է, իմաստ չունի չնչին խնդիրների արդյունքում հարազատ մարդկանց կորցնել, բայց մի բան էլ շեշտեմ, պետք է դիմացինս նույն սխալը պարբերաբար չկրկնի, որովհետեւ նման դեպքում դա խոսում է արդեն նրա տեսակի մասին:

-Ներողությունը ուշացած լինո՞ւմ է ըստ Ձեզ, թե ոչ:

– Կարծում եմ՝ ոչ: Բացի այդ, միայն ուժեղ մադը կարող է իսկապես զգալ իր սխալն ու ներողություն խնդրել: Կարելի է եւ ներողություն չխնդրել, պարզապես անկեղծ խոսելն էլ բավարար է:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքուոմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս