«Ռուսաստանը չի պատրաստվում զիջել Հարավային Կովկասը». Սոսո Ցինցաձե
«Վրաստանը շարունակելու է իր ագրեսիան ՆԱՏՕ-ի և Արևմուտքի դեմ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով Ռուսաստանի քաղաքականությանը Հարավային Կովկասում:
Հիշեցնենք, որ Վրաստանի ԱԳՆ-ն պնդում է, որ ռուսական թռչող սարքերը վերջին մի քանի օրերի ընթացքում երկու անգամ խախտել են երկրի օդային տիրույթը, և դա համարում է Ռուսաստանի կողմից սադրանք: Հայտարարության մեջ նշված է, որ խախտման երկու դեպքն էլ կատարվել են Ցխինվալի շրջանի կողմից՝ Գորիի շրջանում։ Խախտումներից մեկը կատարվել է դեկտեմբերի 9-ին՝ ժամը 18:48-ին, իսկ երկրորդ դեպքը՝ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:48-ին։ Ընդ որում, եթե առաջին դեպքում խախտումն իրականացրել է ռուսական անօդաչու թռչող սարք, ապա երկրորդ դեպքում դա արել է «Մի-8» տիպի ուղղաթիռ:
Սոսո Ցինցաձեի խոսքով՝ ռուս-թուրքական և ռուս-վրացական վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանը, ունենալով լուրջ խնդիրներ Արևմուտքի հետ Ուկրաինայում, Սիրիայում, չի պատրաստվում հրաժարվել իր հակաարևմտյան քաղաքականությունից և ՆԱՏՕ-ից վախերից: Տեղի ունեցածը, ըստ Ցինցաձեի, պատահական չէ, քանի որ Վրաստանը ցանկանում է ստանալ ՆԱՏՕ-ի անդամակցության ճանապարհային քարտեզ կամ գործողությունների ծրագիր:
«Վերջերս Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները վերահաստատել են ՆԱՏՕ-ին անդամակցության իրենց պատրաստակամությունը: Ամենայն հավանականությամբ, այս անգամ ՆԱՏՕ-ի հարցում Վրաստանն առաջընթաց կգրանցի, ինչն էլ Ռուսաստանին կրկին ագրեսիայի է մղում: Չէ՞ որ Ռուսաստանն անընդհատ հայտարարում է, որ ՆԱՏՕ-ն չպետք է մոտենա իր սահմաններին, քանի որ դա սպառնալիք է իր համար: Այս ներխուժումներով ՌԴ-ն ցանկանում է զիջումներ կորզել Վրաստանից: Սակայն Վրաստանը 2008-ի Վրաստանը չէ և չի տրվելու սադրանքներին՝ շարունակելով իր եվրաատլանտյան ինտեգրացիան: Վրաստանի դեմ ագրեսիայի դեպքում Արևմուտքը կկանգնի Վրաստանի կողքին»,- ասաց Ցինցաձեն:
Նրա խոսքով՝ ամեն դեպքում Արևմուտքն անցյալի սկզբունքային ու կոշտ Արևմուտքը չէ, ավելի հանդուրժող ու զիջողական է, որի ցուցիչներից մեկը նաև «Արևելյան գործընկերությունը» ժամանակավորապես լռեցնելն է: Դա, ըստ նրա, աննպատակ չէ: Վրացի փորձագետի խոսքով՝ Արևմուտքը թույլ է տալիս, որ Ռուսաստանն իր բոլոր քայլերն իրականացնի, որն իր կործանման փոսն է դառնալու, և դա սկսել է ձևավորվել դեռևս Ռուս-վրացական պատերազմից: «Կարծում եմ, որ դրանից հետո ԵՄ «Արևելյան գործընկերությունը» մեծ թափով կսկսի գործել, և Հայաստանը ևս կկարողանա ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրին համարժեք համաձայնագիր ստորագրել»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջիկայում Վրաստանը կստանա ազատ վիզային ռեժիմ ԵՄ-ի հետ, որը բավականին ուշացած համաձայնություն կլինի:



