Հայկ Կյուրեղյանի հայրը հայտարարում է որդու կյանքին սպառնացող վտանգի մասին. forrights.am
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց 2014թ. հունիսի 12-ին բողոքի ակցիա իրականացրած եւ 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի հայրը ահազանգում է, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում պահվող որդու կյանքին վտանգ է սպառնում: forrights.am կայքը ներկայացրել է հայտարարության տեքստն ամբողջությամբ.
«Հայկ Կյուրեղյանը ձերբակալման պահից սկսած ենթարկվել է ֆիզիկական և բարոյա-հոգեբանական ճնշումների: Դեռ նախաքննության ընթացքում նա ենթարկվել է խոշտանգումների ոստիկանների կողմից, որի նպատակն է եղել կոտրել արդարության համար ռեժիմի դեմ պայքարի ելած երիտասարդի ոգին: Սակայն տեսնելով նրա անկոտրում կամքը` իշխանությունները սկսեցին վրեժխնդիր լինել Հայկ Կյուրեղյանից՝ արգելելով նրա տեսակցությունը հարազատների հետ, միաժամանակ փորձելով վարկաբեկել և հասարակական բացասական կարծիք ձևավորել նրա նկատմամբ:
Դատական նիստերի ընթացքում Հայկ Կյուրեղյանի հայտարարությունները, ոտքի չկանգնելը և իշխանություններին համապատասխան բնորոշումներ տալըն էլ ավելի բորբոքեց ռեժիմի զայրույթը: Հայկ Կյուրեղյանը զրկվեց դատական նիստերին մասնակցելու և իրեն պաշտպանելու հնարավորությունից: Խստացվեց նաև մեղադրական հոդվածը՝ պահանջելով 14 տարվա ազատազրկում: Չնայած այդ բոլորին, Հայկը շարունակեց պայքարը:
Գտնվելով բանտում, նա հայտարարությունով իր զորակցությունը հայտնեց սահմանադրական փոփոխությունների և ռեժիմի դեմ պայքարող քաղաքական ուժերին: Այս բոլորից հետո տարբեր եղանակներով ճնշումների ու սպառնալիքների ենթարկվեցին նաև Հայկ Կյուրեղյանի հարազատները Եղել են սպառնալիքներ՝ արդյոք չենք մտածում թե ինչ կարող է լինել բանտում գտնվող Հայկի հետ: Նաև սպառնալիքներ են եղել «նույն հոդվածներին» արժանացնել և ազատությունից զրկել Հայկի ընտանիքի անդամներին:
Այս բոլոր անօրինական գործողությունները ծրագրվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից: Հայկ Կյուրեղյանը փաստացի պատանդի կարգավիճակում է, և իր պաշտպանության միակ միջոցը մնացել է հացադուլը: Հայկ Կյուրեղյանն արդեն 24 օր է հացադուլի մեջ է: Գտնվելով բանտում` Հայկը ձեռք է բերել առողջական լուրջ խնդիրներ: Լինելով չծխող, միաժամանակ գտնվելով փակ և գերբեռնված տարածքում, որտեղ կալանավորների թիվը եռակի ավելի է (17 հոգի), ուր քնում են հերթափոխով, չկա պատշաճ օդափոխություն, արդյունքում առաջանում է թթվածնային քաղց՝ Հայկը ձեռք է բերել ալլերգիա ծխի նկատմամբ և խրոնիկական հազ:
Հարազատների դիմումից հետո Հայկը ստացել է թերի բուժում, որը դադարեցվել է՝ պատճառաբանելով, որ չկա համապատասխան մասնագետ: Այժմ Հայկը ծայրահեղ հյուծված վիճակում է, նրա առողջությունը և կյանքը վտանգված են, բայց նրա ոգին ու կամքը՝ անկոտրում:
Կա անհանգստություն, որ նա դիտավորյալ՝ սննդի հետ կարող է ստանալ առողջությանը վնաս պատճառող նյութեր: Անհրաժեշտություն կա Հայկ Կյուրեղյանին անհապաղ տեղափոխել առանձին խուց և ապահովել նրա բուժումը: Հայկ Կյուրեղյանի և ցանկացած կալանավորի առողջության ու կյանքի համար պատասխանատու է իշխանությունը, որը պետք է ապահովի բոլոր կալանավորների կյանքի ու առողջության անվտանգությունը, այլ ոչ թե քաղաքական վրեժխնդրությունը դարձնի գործելաոճ:
Ազգային անվտանգությունը իր գործակալների, իր հետ համագործակցող անձանց միջոցով Հայկ Կյուրեղյանին դրել է ծայրահեղ ծանր փակուղային վիճակում: Նրա կյանքը և առողջությունը վտանգի տակ է. այս ամենի պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, զգուշացնում եմ նման ստոր, նենգ գործելակերպով ոչ միայն Հայկ Կյուրեղյանի, այլև հայ ժողովրդի հետ դուք բացում եք 2-րդ ճակատ, դուք հասնում եք նրան, որ ադրբեջանին պատերազմ հայտարարելուց առաջ հայ ժողովուրդը ձեզ հայտարարի պատերազմ:
Արմենակ Կյուրեղյան` Հայկ Կյուրեղյանի հայրը»: