
Ինչու են որշել արտագնա նիստ անցկացնել Ավետիսյանների սպանության գործով

Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը կարծում է, որ արտագնա նիստ անցկացնելու մասին որոշումը բխում է հնարավոր անվտանգության միջոցառումներից:
168.am-ի հետ զրույցում փաստաբանը մասնավորապես նշեց. «Ճիշտ է՝ որոշումը դեռևս չենք ստացել, բայց, մեր տեղեկություններով՝ մեզ ուղարկվել է: Դատարանի պատճառաբանությունը դեռևս հայտնի չէ, բայց արտագնա դատական նիստ է լինելու՝ ամենայն հավանականությամբ ռազմաբազայի տարածքում, ռուսական կողմի անցկացրած դատավարության դահլիճում, կարծում եմ՝ հնարավոր է խնդրահարույց հարցեր ծագեն՝ հատկապես գործի քննության հրապարակայնության հետ կապված՝ ԶԼՄ-ների, հասարակության ներկայացուցիչների մուտքի առումով:
Նախորդ անգամ մենք տեսանք, որ դահլիճի տարածքը բավական քիչ է և սահմանափակ թվով լրագրողների, նաև հասարակության ներկայացուցիչների թույլ տվեցին: Այս առումով խնդիրը միանշանակ կա: Բայց քանի որ որոշումն արդեն իսկ կայացված է, պետք է դատական նիստին ներկայանանք: Դատական նիստի սկսելուց հետո կտեսնենք՝ տեղում ինչ խնդիրներ են ծագում, մասնավորապես՝ հրապարակայնության հետ կապված: Խնդիր տեսնելու, խոչընդոտների՝ իրական լինելու պայմաններում, եթե չապահովվի բոլորի ներկայությունը ողջամիտ սահմաններում, տեղում միաշանակ կփորձենք քայլեր ձեռնարկել և համապատասխան միջնորդություններով հանդես գալ»: