Ովքե՞ր են «թռածներն» ու «արվամոլները», և ինչպե՞ս են նրանց հետ վարվում ՔԿՀ-ներում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի դիտորդ Սերգեյ Գաբրիելյանն այսօրվա ասուլիսի ընթացքում ներկայացրեց Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ ) կատարվող խոշտանգման ու խտրականության երևույթները.

«Ինչպես՝ խոշտանգման, այդպես էլ՝ խտրականության երևույթները ՔԿՀ-ներում մենք ժառանգել ենք դեռ Սովետական Միությունից:

Դրանք կարծրատիպային մոտեցումներ են և արմատավորված են այնտեղ: Հատկապես խոցելի խմբերի հանդեպ եղած խտրական երևույթն է, որը թե՛ դատապարտյալների կողմից է, թե՛ ՔԿՀ-ների աշխատակիցների: Այնպիսի խոցելի խմբեր, ինչպիսիք են՝ առողջական խնդիրներ ունեցողներ, հանցագործ աշխարհի «կանոններին» չենթարկվողներ, նույնասեռականներ, թմրամիջոցներ օգտագործողներ, և այլն»:

Ըստ նրա՝ ոչ մի ՔԿՀ, անկախ նրա հին կամ նոր լինելուց, համապատասխանեցված չէ հենաշարժական խնդիրներ ունեցող դատապարտյալների համար, ոչ մի ՔԿՀ-ում չի ապահովվում դիետիկ սնունդ՝ հիվանդություններ ունեցող անձանց համար.

Կարդացեք նաև

«Այնտեղ առանձին խցեր կան, որոնք նախատեսված են թե՛ նույնասեռականների, թե՛ իրենց խոսքերով՝ «թռածների» ու «արվամոլների» համար: Վերջիններիս հետ կապված ասեմ՝ պարտադիր չէ, որ դատապարտյալը լինի նույնասեռական, այլ՝ մարդիկ, ովքեր չեն ենթարկվում գողական աշխարհին ու չեն խաղում, կամ, եթե խաղացել են ու չեն կարողացել փակել իրենց պարտավորությունները, համարվում են «թռած» և, իրենց դիմումի համաձայն՝ տեղափոխվում են առանձին խցեր: Նույնը վերաբերում է որոշակի հանցագործություն կատարած դատապարտյալներին, որոնք ՔԿՀ-ների խցեր տեղափոխելիս՝ «փչացվում» են դատապարտյալ «լավ տղեքի» կողմից, այնուհետև, իրենց դիմումի համաձայն, նորից տեղափոխվում են նույնասեռականների խուց:

Նույնասեռականների կամ արվամոլների խուց տեղափոխված դատապարտյալները կատարում են ամենանվաստացուցիչ աշխատանքները՝ կոյուղիների մաքրում, աղբի հավաքում, և այլն: Նույն ճաշարանից օգտվելն արգելված է, նրանք ունեն առանձին սպասք: Այսինքն՝ ամեն կերպ նրանք մեկուսացվում են»: Նա նշեց, որ չնայած դիտորդական խումբը բազմիցս զգուշացրել է ՔԿՀ-ների ղեկավարությանը, որ նման վերաբերմունքը հակամարդկային է ու դեմ է բոլոր օրենքներին, այնուամենայնիվ, այդ հիմնախնդիրը մնում է բաց և շարունակվում է թե՛ ՔԿՀ-ների ղեկավարների, ու թե՛ դատապարտյալների կողմից խտրական վերաբերմունքն այդ անձանց հանդեպ:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս