«Պետք է նախ գնահատական տաք, թե ովքեր են խոսում լեգիտիմության մասին». Վահրամ Բաղդասարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի գնահատականի մասին
«Շատ նորմալ գնահատական է տրված»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան՝ սահմանադրական բարեոխումների հանրաքվեի վերաներյալ տված գնահատականի մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրյանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ ասվում էր, որ «քաղաքական կուսակցությունների ու անկուսակցական դիտորդների արժանահավատ հաղորդումներն ընտրախախտումների վերաբերյալ, այնուամենայնիվ, մտահոգիչ են և պետք է լիարժեք հետաքննվեն՝ համոզելու հայ ժողովրդին, որ հանրաքվեի արդյունքները վստահելի են և լեգիտիմ»:
Վ. Բաղդասարյանի խոսքով՝ հաղորդումներն ընտրախախտումների վերաբերյալ, իհարկե, մտահոգիչ են՝ մինչև պարզաբանումները: Նա նշեց, որ իրենց համար բոլորի գնահատակններն էլ կարևոր են: «Պատժամիջոցները կկիրառվեն, դուք կտեսնեք, պարզ կլինի, բոլոր բացահայտված դեպքերը քրեական պատասխանտվության կենթարկվեն»,- նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Մեր այն հարցին, թե ԱՄՆ դեսպանատան այդ գանահատականն ամեն դեպքում չի՞ նշանակում, որ կասկածելի է հանրաքվեի լեգիտիմությունը, Վ. Բաղդասարյանն այսպես պատասխանեց. «Լեգիտումության մասին որևէ խոսք գնալ չի կարող, որևէ նման արտահայտություն այնտեղ չի եղել: Շատ նորմալ գնահատական է տրված, ու եթե պետք է հետևություններ անենք, յուրաքանչյուր ընտրություններից հետո էլ՝ մենք պետք է հետևություններ անենք»:
Խոսելով նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքի մասին՝ Վ. Բաղդասարյանն ասաց. «Ես լավ տեղյակ եմ ամեն ինչից, պետք է նախ գնահատական տաք, թե ովքեր են խոսում լեգիտիմության մասին»:
Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է. «Տարբեր քաղաքական կուսակցությունների, հասարակական շարժումների, դիտորդների և լրատվամիջոցների կողմից արձանագրված կոպիտ խախտումների համատարած բնույթը հասարակական ընկալման մեջ հանրաքվեի արդյունքները զրկում է լեգիտիմությունից»: