
Արթուր Աբրահամը նշել է հաջորդ մրցակցի անունը

WBO վարկածով սուպեր միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է առաջիկա պլանների մասին: Աբրահամը նշել է, որ կմենամարտի նվազագույնը՝ ևս 2 տարի, մինչ իր պայմանագրի ավարտը; Դրանից հետո Աբրահամը, ամենայն հավանականությամբ, կտրվի հանգստին:
Աբրահամը խոսել է նաև առաջիկա մրցակցի մասին:
«Մարտին կմենամարտեմ մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի հետ: Նա շատ ուժեղ բռնցքամարտիկ է, կարիերայում ոչ մի պարտություն չի կրել և գլխավորում է իմ քաշային կարգի վարկանիշային աղյուսակը»,- հայտնել է Աբրահամը:
Հայ բռնցքամարտիկը դեռևս չի տրամադրվում մենամարտին: Այժմ հանգստանում է և կենտրոնացած է ազատ ժամանակը լրացնելու վրա:
«Երբ վերսկսեմ մարզումներս, կդիտեմ մրցակցի մենամարտերը և կվերլուծեմ դրանք:
Առհասարակ շատ բարդ է տարվա մեջ 8-9 ամիս լինել հավաքների գործընթացում, ապրել ու սնվել հյուրանոցներում: Իսկապես շատ եմ կարոտում տանը հանգստանալը, հեռուստացույց դիտելը, ուստի ներկայում պետք է լրացնեմ դա»,- նշել է Աբրահամը:
Սիրարփի Աղաբաբյան