«Այս անգամ մասսայական խախտման դեպքեր չեն եղել». Հերմինե Նաղդալյանը՝ հանրաքվեի մասին

Ըստ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ ընտրակեղծիքների և խախտումների մասին խոսակցությունները պետք է լինեն «հստակ,  առարկայական և փաստային»:

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ Հ. Նաղդալյանը նշեց, որ այն «իներցիոն խոսակցությունը, սպասելիքները կամ պատրանքները», որ որոշ քաղաքական ուժեր կարող էին ունենալ, ընդհանուր խոսակցություն է, որը ոչինչ չի ասում:

«Իսկ կոնկրետ խոսակցությունն այն է, ինչ այսօր ընթանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որտեղ հավաքված են բոլոր բողոքները և կատարվում է աշխատանք»,- նշեց նա: Խոսելով մի քանի ընտրատեղամասերում իրականացված  վերահաշվարկների մասին`ԱԺ փոխխոսնակը նշեց, որ դրանք էական փոփոխությունների չեն հանգեցրել:

«Նախկինում եղած ընտրությունների հետ համեմատականներ անցկացնելով` այս անգամ մասսայական խախտման դեպքեր չեն եղել: Մենք որևէ մեկին համոզելու խնդիր չունենք: Քայլ առ քայլ ընտրությունները մեր երկրում կատարվում են ավելի թափանցիկ և ավելի օրինական: Տարիների ընթացքում այն խախտումների տեսակները, որոնք եղել են 10-15 տարի առաջ, այսօր բացարձակ անցել են պատմության գիրկը, օրինակ` լույսերը հանգցնելը, տուփերը գողանալը, ընտրատեղամասերի մոտ աղմուկները: Դուք ասում եք` լցոնում եք արել, որը փաստ չէ: Փաստն այն է, որն արձանագրվել է»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Հ. Նաղդալյանի խոսքով՝ տեղամասերի դիմաց հանգիստ մթնոլորտ է եղել. «Այսօր դեռ կան դեպքեր, որոնց մասին դուք խոսում եք: Դուք էլ շատ լավ գիտեք` անմիջապես բարձրաձայնվեց փաստը, և կալանավորվեց կատարողը, դա է քաղաքական կամքը»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս