«Իշխանափոխություն կլինի այն դեպքում, եթե կլինի նորմալ ընդդիմություն». Սուքիաս Ավետիսյան

«Հանրաքվեն համարում ենք կայացած, մենք ունենք կոնկրետ թվեր և փաստեր: Արդյունքները ցույց տվեցին, որ այդ աղմուկը շինծու էր, և նույնիսկ երբ այսօր նայում ենք գրավոր բողոքներին, դրանք ցույց են տալիս, որ աղմուկը տեղին չէր, և մեր այն քաղաքական ուժերը, որոնք չհասան իրենց ցանկացած արդյունքին, պետք է երկար խոսեն կեղծիքներից, բայց փաստերն այլ բան են ասում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Նա նշեց, որ ի սկզբանե ասել են՝ նոր նախագծի ընդունումից հետո լինելու է երկրի կայուն զարգացում, առաջընթաց, ժողովրդավարության խորացում, մարդու իրավունքների ռեալ պաշտպանություն. «Այս առումով կունենանք մի շարք օրենքների փոփոխություն: Ընտրական օրենսգրքի փոփոխությունը հնարավորություն կտա, որ ապագա ընտրությունները լինեն թափանցիկ»:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ ասաց, որ քվեարկության արդյունքների հայտարարումն ընտրությունների մի մասն է, և ըստ նրա՝ շատ կարևոր է նախնական մասը. «Դրա համար պետք է լինեն քաղաքական մրցակիցներ, հավասար հնարավորություններ, և կարևոր է հաշվիչ համակարգը, իսկ դա մեզ մոտ, մեղմ ասած, անվստահելի է։ Ովքեր հաշվում են, շատ անվստահելի են, իսկ նախնական պայմանները, երևի, առաջին օրվանից չեն եղել: Այսինքն՝ հիմք ընդունել հանձնաժողովի արձանագրությունները, հայտարարությունները, հենց սկզբից անիմաստ է, որովհետև հենց սկզբից պետք է իմանանք, որ Հայաստանում չեն անցկացվում ժողովրդավարական ընտրություններ: Անցկացվում է իշխանական ռեսուրսների, տիրապետող ուժի դակում»:

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ ոչ մի անգամ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն տեղի չի ունենում. «Ձանձրացրած անձնավորությունները պետք է փոխվեն, իշխանությունից հեռանան։ Հայաստանում դեռևս չի եղել, որ ժողովրդի ձայնով նրանք փոխվեն։ Իշխող ուժերն իրենց ստանձնած պարտականությունները չեն կատարել, բայց ստացել են ժողովրդի քվեն, դա նշանակում է, որ ընտրությունները կեղծված են, դա ժողովրդի ձայնը չէ: Իշխող վերնախավն ինքն իր կյանքը նոր կանոնադրությամբ, այլ ոչ թե Սահմանադրությամբ, երկարաձգեց»:

Կարդացեք նաև

Սուքիաս Ավետիսյանը չհամաձայնեց՝ ասելով, թե եթե չենք վստահում հանձնաժողովներին, դա նշանակում է՝ չենք վստահում մոտ 50 հազար հանձնաժողովի անդամների ու վստահված անձի. «Այդքան մարդ «այո» է ասել, նրանք ժողովուրդ չե՞ն, ի՞նչ է: Իսկ իշխանափոխություն կլինի այն դեպքում, եթե կլինի նորմալ ընդդիմություն, նորմալ մարդիկ, որոնք ժողովրդին կներկայացնեն իրենց ծրագիրը ու ժողովուրդը կգնա դրա հետևից: 1997 տեղամասից, այդքան աղմուկի պայմաններում, բողոքարկվել է 75 տեղամաս»:

Տեսանյութեր

Լրահոս