Թուրքիան նոր կանոններ է սահմանում ռուս լրագրողների աշխատանքի համար
Թուրքիան ռուս լրագրողների համար նոր կանոններ է սահմանել երկրում աշխատելու համար, հայտնում է TASS-ը: Այս մասին հայտնել են Մոսկվայում Թուրքիայի դեսպանությունից:
«Աշխատելու համար ներկայում լրագրողները պետք է դեսպանություն մի շարք փաստաթղթեր ներկայացնեն, այդ թվում՝ նամակ ԶԼՄ-ի ղեկավարությունից թուրքերենով կամ անգլերենով, որտեղ պետք է նշվի այցի նպատակը, վայրն ու այցելության ժամկետները, ինչպես նաև նրանց անունները, ումից ցանկանում են հարցազրույց վերցնել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես բացատրել են դեսպանությունում, «դա շատ սովորական պրոցեդուրա է, որը կիրառվում է բազմաթիվ երկրներում»:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել էր Թուրքիայի իշխանությունների՝ «Ռոսիա-1» հեռուստաալիքի լրագրողներին թուրք-սիրիական սահմանի մոտ ձերբակալելու ու երկրից արտաքսելու փաստը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Vesti.ru-ն հայտնել էր, որ «Ռոսիա-1» հեռուստաալիքի լրագրող Ալեքսանդր Բուզալաձեն ու նրա գործընկերները Թուրքիայից վտարվել են առանց բացատրության:
Ինչպես պատմել է Բուզալաձեն «Ռոսիա-1»-ի եթերում, նկարահանող խումբը ժամանել էր Թուրքիա, որպեսզի ռեպորտաժ պատրաստի այն մասին, թե ինչ է տեղի ունենում Սիրիայի հետ սահմանին: Վերջինս հայտնել է, որ ձերբակալումից հետո վերցվել են իրենց մատնահետքերը, լուսանկարել են, հետո տեղեկացրել, որ վտարում են երկրից:
Լրագրողը տեղեկացրել է, որ թուրք ուժայիններն իրենց ուղեկցել են մինչև ինքնաթիռ: