Ոմանք «ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներով թևավորված» քննարկում են կառավարությանը հատկացված վարկերի թեման
Այսօր ԱԺ նիստում 2016 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ոմանք «ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներով թևավորված» քննարկում են կառավարությանը հատկացված վարկերի թեման:
«Լսելով նրանց՝ տպավորություն է ստեղծվում, որ երկարատև բանակցությունների արդյունք վարկերը կառավարությունը միանգամից նախաձեռնեց ու 1-2 ամսում ստորագրեց: Իրականությունն այլ է, այդ վարկերը քննարկվում են երկար ժամանակ»,- ասաց վարչապետը:
Նա վարկերը բաժանեց 3 խմբի՝ տարածքային զարգացում ապահովող, ենթակառուցվածքային վարկեր և բյուջետային աջակցության: Վարչապետը պետականորեն ֆինանսավորվող ծրագրերից ոչ պակաս կարևորեց մասնավոր հատվածի զարգացումը, ներդրումային դիրքի բարելավումը: Ըստ նրա՝ պետության նախաձեռնած ծրագրերը երկարաժամկետ նպատակ ունեն և խթանում են մասնավոր ներդրումները, օրինակ՝ դեպի Վրաստան և Իրան էլեկտրահաղորդակցության նոր ենթակառուցվածքների կառուցումն աշխուժացրել են մասնավոր հատվածին, այդպիսին է նաև Ամուլսարի հանքագործական նախագիծը:
«Վստահ եմ, որ նման ներդրումները դեռ ավելանալու են»,- ասաց Հ.Աբրահամյանը: