Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործը քննած դատավորը վարույթ է ընդունել Սդղի գյոլի ծեծկռտուքի գործը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը վարույթ է ընդունել մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի դեպքով հարուցված քրեական գործը: Նոյեմբերի 27-ին քրեական գործը մակագրվել էր այս դատավորին, իսկ նոյեմբերի 30-ին նա որոշում է կայացրել գործը վարույթ ընդունելու մասին: Նապոլեոն Օհանյանը, ինչպես հայտնի է, քննել է նաև 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործը և գործով միակ ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի նկատմամբ կայացրել մեղադրական դատավճիռ:

Նշենք, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը հետազոտում է գործի նյութերը և քրեական գործը վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում կայացնում հետևյալ որոշումներից մեկը` դատական քննություն նշանակելու մասին, քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, քրեական գործի վարույթը կասեցնելու մասին, գործը մեղադրողին վերադարձնելու մասին, գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին, ինքնաբացարկի մասին:

Նշենք, որ այս գործով տուժող Հարություն Զաքարյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել Յուրի Մանուչարյանին: Դերենիկ Հակոբյանին, Շահում Դավթյանին, Մայիս, Էյներ և Սեյրան Խաչատրյաններին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք էր առաջադրվել նաև Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, սակայն հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս