«Արա՛, քո հետ ի՞նչ եղավ». Արշակ Սադոյանը՝ Լևոն Զուրաբյանին

«Իմանալով մեր երկիրը, կարգերը, մազաչափ չէի կասկածում, որ այս Սահմանադրությունը կձևակերպվի։ Քանի որ լուրջ քաղաքական գործիչներն էլ չէին կասկածում, որ այդպես է լինելու, ընտրել էին մի բավական սխալ ու հեղհեղուկ ռազմավարություն՝ ասելով, որ դրա ժամանակը չի։ Ասել՝ ժամանակը չի՝ այն դեպքում, երբ մարդիկ համակարգային փոփոխություններ էին ուզում։ 2005թ. մենք դեմ էինք այսօրվա եղած Սահմանադրությանը, որն այն ժամանակ ընդունվեց: 2005 թվականին՝ սկսած Ստեփան Դեմիրճյանից, Րաֆֆի Հովհաննիսյանից, բոլորը կատեգորիկ դեմ էին, նույնիսկ ես հիշում եմ՝ ցուրտ ձմեռ օրով Րաֆֆի Հովհաննիսյանը դրոշակի տակ կանգնած ինչ-որ բողոքներ էր անում Ազատության հրապարակում, ու հանկարծ հիմա ասում են՝ Սահմանադրությունը փոխելու ժամանակը չէ: Ա՛յ ցավներդ տանեմ, դուք 10 տարի առաջ էլ էիք նույնն ասում, բա էլ ե՞րբ է դրա ժամանակը»,- այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ նախագահին առընթեր Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը

Ըստ բանախոսի՝ ակնհայտ է, որ ՀՀԿ-ն լուրջ քաղաքական ուժ է. «Ակնհայտ է նաև, որ մյուս կուսակցությունները, ներառյալ՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և այլն, դրանք ռեալ ուժ չեն, հաշվարկները ցույց են տալիս, որ նրանք ռեալ ուժ չեն ներկայացնի նաև 2017-18թթ. ընտրություններում (եթե վերջինս լինի), և այս պայմաններում բնական է, որ ՀՀԿ-ն հաղթելու է, ու այդ կուսակցության ղեկավարը լինելու է առաջին դեմք: Սա, բնականաբար, հասկանալի է: Բայց խնդիրը հետևյալն է. վերջիվերջո, դեռ 1.5 տարի կա, հարգելի՛ քաղաքական ուժեր, չե՞ք համարձակվում լուրջ պայքար մղել։ Եթե չեք կարողանում, բա էլ ինչի՞ եք հավաքվել: 2017թ. ընտրություններում նորից շարունակելու է այս իշխանական համակարգը գոյատևել, բայց լայն հնարավորություններ կան հենց այս սահմանադրական փոփոխություններով, որպեսզի ձևավորվի նոր ուժ. Բաղրամյանի տղերքը ձևավորեն կուսակցություն ու մտնեն պայքարի մեջ»:

Խոսելով հանրաքվեի լեգիտիմ լինելու կամ չլինելու մասին, ասաց՝ «լեգիտիմ» բառն ասելով՝ հայ ժողովուրդը ոտքի՞ կկանգնի ու կստեղծի նոր քաղաքական ուժե՞ր.

«Կարո՞ղ է պատահի՝ Դոդի Գագոյի կուսակցությունը («Բարգավաճ Հայաստանը».- Ռ.Մ.) պետք է դառնա ռեալ կուսակցություն, կամ ՀԱԿ-ը, որ հիմա զիբիլ է դարձել, ի՞նչ պետք է անի: Լևոն Զուրաբյանը քանի՞ գլխանի է, որ հիմա որևէ գործ անի: Պա՞րզ չի՝ ով ով է: Էն Րաֆֆին էլ ինչքան ուզում է՝ ձիգ կանգնի դրոշակի տակ, մեկ է՝ էլի բան չի կարողանալու անել: Լևոն Զուրաբյանը, որն այն ժամանակ ամենաթունդ ջատագովն էր՝ պաշտպանելու կեղծարարներին, հիմի ելել է կեղծիքների դեմ: Արա՛, քո հետ ի՞նչ եղավ: Հիմա դրանք դարձել են ընդդիմադիր քաղաքական բլոկ, խոսում են ընտրությունների արդարությունից, մեկն էլ լինի՝ ասի՝ ախր դուք իրավունք չունեք խոսելու: Րաֆֆի Հովհաննիսյան, երբ որ դու կատեգորիկ դեմ էիր 2005թ. Սահմանադրությանը, հիմա եկել ասում ես, որ նա՞ թող մնա»,- ասաց Արշակ Սադոյանը:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս