«Վախ, մեռա». Արագածոտնում շիզոֆրենիայով հիվանդ տղամարդն իր հետ չքնելու համար սպանել է կնոջը

Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ 55-ամյա տղամարդը, ով մեղադրվել է կնոջը սպանելու մեջ, ազատվել է քրեական պատասխանատվությունից և պատժից, նրա նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրական միջոց` հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է համարել, որ տղամարդը կատարել է Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին, սակայն հաշվի առնելով, որ հանրորեն վտանգավոր արարքը կատարել է անմեղսունակության վիճակում, իր հոգեկան վիճակով վտանգավոր է իր և այլ անձանց համար, գտել է, որ նա ենթակա չէ քրեական պատասխանատվության և պատժի, այլ կարիք ունի հարկադրական բուժման հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա, վրդովված լինելով իր կնոջ կողմից իր նկատմամբ անտարբեր վերաբերմունքից, մասնավորապես՝ միևնույն անկողնում իր հետ չքնելու հանգամանքից, վերցնելով տանը գործածվող խոհանոցային դանակը, մտել է հյուրասենյակ, որտեղ մոտենալով հյուրասենյակի հյուսիսային պատի տակ գտնվող մահճակալին մեջքով դեպի իրեն պառկած կնոջը, իր ձեռքին եղած խոհանոցային դանակով ապօրինաբար, դիտավորությամբ կնոջը կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով, մեկ անգամ դանակով հարվածել է նրա կրծքավանդակի աջ հատվածին, պատճառել կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով մարմնական վնասվածք, որի հետևանքով առաջացած սուր ներքին արյունահոսության պատճառով կինը բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Քրեական գործով ստացվել է դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության ստացված եզրակացությունը, համաձայն որի՝ տղամարդը, ըստ փաստաթղթերի, դեռևս 1999-ից տառապել է «շիզոֆրենիա պարանոիդ ձև, ցնորազառանցական համախտանիշ» հոգեկան հիվանդությամբ: Իրավախախտումը կատարելիս փորձաքննվողը գտնվել է վերը նշված հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է ցնորազառանցական ապրումների ազդեցության ներքո, որը զրկել է նրան իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և դրանք ղեկավարելու ունակությունից: Ներկայումս նա նույնպես չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Ուստի, իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ նրան հարկ է ճանաչել անմեղսունակ: Ներկա հոգեկան վիճակով նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, բարձր սոցվտանգ է ներկայացնում ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, կարիք ունի հարկադիր բուժման հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:

Կարդացեք նաև

Նրա նկատմամբ կիրառվել է անվտանգության միջոց` հոգեբուժական կլինիկայի հատուկ հսկողության բաժանմունք տեղավորելը: Դատարանի որոշմամբ՝ նա ճանաչվել է քրեական գործի շրջանակներում անգործունակ: Անմեղսունակության վիճակում քրեական օրենքով արգելված արարք կատարած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար գործն ուղարկվել է դատարան:

Ըստ դատական ակտի՝ դատարանում տղամարդը հայտնել է, որ տառապում է շիզոֆրենիա հոգեկան հիվանդությամբ և ցանկանում է բուժվել: Ընդունել է, որ կնոջն ինքն է դանակով հարվածել և սպանել՝ չգիտակցելով իր գործողությունները:

Վկաներից մեկը, ով տղամարդու որդու կինն է, հայտնել է, որ ամուսնու հայրը շուրջ 15 տարի տառապել է հոգեկան հիվանդությամբ և հաշվառված է բժշկական կենտրոնում: Դեպքի օրն ինքը տան հյուրասենյակում հեռուստացույց է դիտել: Այդ օրն ամուսնու հայրն անհանգիստ է եղել, որի պատճառով նրա կինը քնել է հյուրասենյակում գտնվող թախտի վրա: Ինքը երեխաներին պառկեցրել է քնելու, որից հետո հյուրասենյակում դիտել է հեռուստացույց, իսկ ամուսնու հայրը քնել է հյուրասենյակի կողքին գտնվող ննջասենյակում: Այդ ընթացքում ամուսնու հայրը հինգ րոպե ընդմիջումով երեք-չորս անգամ մտել է հյուրասենյակ, վառել է ծխախոտ և դուրս եկել:

Ինքը ժամը 22:30-ի սահմաններում դուրս է եկել հյուրասենյակից, գնացել է իր սենյակ, որպեսզի քնի: Այդ ժամանակ սկեսուրը քնած է եղել հյուրասենյակում գտնվող թախտին, իսկ ամուսնու հայրը դրսում է եղել: Երբ մտել է իր սենյակ, նստել է մահճակալին, 1-2 րոպե անց լսել է ամուսնու մոր ձայնը՝ «վախ, մեռա»:

Շտապ մտել է հյուրասենյակ, տեսել է, որ ամուսնու մայրը թախտին մեջքի վրա պառկած է եղել: Մոտեցել է նրան, շրջել է, տեսել է, որ նրա հագին եղած կանաչ գույնի սվիտերն արյունոտ է, ծախ կրծքային հատվածում պատռված է եղել, դանակի տեղ է եղել վրան: Հարցրել է՝ ի՞նչ է եղել, ամուսնու մայրը պատասխանել է, որ ամուսինը դանակով խփել է իրեն: Այդ ընթացքում եկել է ամուսինը և զանգահարել է շտապօգնություն: Ամուսնու մորը տեղափոխել են հիվանդանոց: Քիչ անց եկել են ոստիկանները, և ամուսնու հայրը նրանց ցույց է տվել իրենց փակ պատշգամբում դրված խոհանոցային դանակը և ասել է, որ դրանով է խփել կնոջը:

Համաձայն դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության` կնոջ մահը վրա է հասել սուր ներքին արյունահոսությունից, որը պայմանավորված է կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի՝ աջ կրծքային շրջանի ծակած-կտրած թափանցող վերքով: Հաշվի առնելով աջ կրծքային շրջանի վերքի բնույթը, ձևաբանական, չափագրական տվյալները, վերքային խողովակի ուղղությունը, խորությունը, հագուստի վրա հայտնաբերված վնասվածքների առանձնահատկությունները, ինչպես նաև փորձաքննությանը ներկայացված դանակի ձևաբանական, չափագրական տվյալները՝ փորձագետը հանգել է հստակ եզրահանգման, որ դանակի տվյալները լիովին համապատասխանում են նշված վերքի տվյալներին և, փաստորեն, այդ վերքը միանգամայն կարող էր պատճառվել փորձաքննությանը ներկայացված դանակով:

Տեսանյութեր

Լրահոս