
«Ցանկացած տեսակի պայքար իր արդյունքն ունենում է». Թևան Պողոսյան

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն այսօրվա ասուլիսին անդրադառնալով ընդդիմության վերջին քայլերին, ասաց, որ ցանկացած տեսակի պայքար իր արդյունքն ունենում է.
«Տարբեր ուժեր կնստեն ու դասեր կքաղեն, թե որտեղ են եղել իրենց սխալները, և ապագայի համար կկարողանան ավելի ճիշտ տեսլականներ ներկայացնել, կգիտակցեն, որ նախընտրական ծրագիրն ուղղակի ծրագիր չէ, այլ գործողություններ, որոնց համար պետք է քվե ուզեն ու դրանք կյանքի կոչեն:
Պետք է հասկանան, որ եղած փոփոխությունների շրջանակում բոլոր հնարավորություններից պետք է օգտվեն: Մենք տեսնում ենք, որ, օրինակ՝
«Քաղաքացիական պայմանագիրն» այլ մարտավարությամբ է առաջ գնում, ուրիշները՝ այլ: Դա լավ է, այդ դիսկուրսը պետք է լինի: Մնացածն արդեն կյանքը ցույց կտա: Եթե մարդիկ հավատում են, որ սա է այն ուղին, որով պետք է գնալ, պետք է կարողանան նաև այնպես անել, որ ուրիշները հավատան ու իրենց կողքին լինեն:
Եթե մենք ցանկանում ենք իսկապես ժողովրդավար երկիր դառնալ, և մեր տեսլականներն ունենք, թե ինչպիսին պետք է այն լինի, մի բան պետք է գիտակցենք՝ այդ տեսլականները հանձնում ենք թղթին և դրանով գնալով դուռ առ դուռ՝ ցանկացած քաղաքացուց խնդրում իր քվեն: Դրանից հետո, եթե դու դա կյանքի չես կոչելու, արդար ու ազնիվ չես:
Եվ այս պարագայում գալիս է մի խնդիր. եթե դրա համար քվե չես ստացել, այդպիսի նախաձեռնություններ պետք է չանես, բայց եթե ստացել ես, պետք ա պայքարես, որ դա կյանքի կոչես: Այս համակարգի առջև անձերը լինելու են անզոր, ու պետք է մեր ծրագրերով ու մարտավարությամբ առաջ գնանք»,- ասաց բանախոսը: