Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդային: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և նրա գլխավորած դիտորդական առաքելությանը Հայաստանում՝ ընդգծելով, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների համազգային հանրաքվեն մեր երկրի պատմության մեջ կարևոր քաղաքական իրադարձություն է, և ուրախալի է, որ տարբեր միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև ԱՊՀ դիտորդական առաքելությունը, որն ամենամեծ և ներկայացուցչական առաքելությունն է, հետևել են ամբողջ գործընթացին: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է միջազգային դիտորդների քաղաքականապես չեզոք և օբյեկտիվ գնահատականները:
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ մինչև հանրաքվեն՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնությանը հաջորդած բոլոր փուլերում, հնարավոր դարձավ երկրում ապահովել ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան հրապարակայնությունն ու թափանցիկությունը, քաղաքական ուժերի ներգրավվածությունը գործընթացին, արվեց ամեն ինչ՝ հանրաքվեի պատշաճ նախապատրաստության և անցկացման համար, այդ թվում՝ Հայաստանի օրենսդրությանն ու ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան պայմաններ ապահովելով դիտորդական բոլոր առաքելությունների համար:
ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը ներկայացրել է հանրաքվեի վերաբերյալ առաքելության եզրակացությունը, որը հրապարակվել է նաև լրագրողների հետ հանդիպման ժամանակ և ևս մեկ անգամ ընդգծել, որ առաքելության առաջին ու հիմնական եզրակացությունն այն է, որ բոլոր մակարդակներում՝ պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների կողմից հնարավորություն տրվեց քաղաքացիներին՝ ազատ քվեարկելու և իրենց կամքն անկաշկանդ արտահայտելու:
«Մենք դա զգացինք, երբ այցելեցինք բազմաթիվ ընտրատարածքներ: Ես կարող եմ ասել մեկ բան՝ քվեարկությունն անցել է ազատ ու հանգիստ մթնոլորտում, բաց և հրապարակային: Տպավորված էի տեսնելով, որ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գիտի իր գործառույթները: Շնորհավորում եմ Ձեզ, որ Ձեր նախաձեռնությունը սատարում ստացավ»,-ՀՀ Նախագահի հետ հանդիպմանն ասել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդան: Նա գոհունակությամբ է խոսել դիտորդական առաքելությունների գործունեության համար ստեղծված պայմանների մասին, ընդգծելով, որ դա թույլ է տվել, մասնավորապես, իր գլխավորած առաքելությանը լիարժեքորեն, ստանձնած պատասխանատվությանը համահունչ և բարեխղճորեն կատարել հանրաքվեի գործընթացի ամբողջ դիտարկումը: