Գալուստ Սահակյանը սպառնաց Զարուհի Փոստանջյանին
ՀՀ-ում երիտասարդությունը չունի երջանիկ ապրելու հնարավորություն և դրա պատճառը ՀՀ-ում գործող ապօրինի իշխանությունն է՝ ի դեմս դրա ղեկավար Սերժ Սարգսյանի: Նման հայտարարություն այսօր ԱԺ նիստում «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացման քննարկման ժամանակ իր ելույթում արեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը միջամտեց՝ փորձելով կանխել Փոստանջյանի սուր քննադատական ելույթը, նշելով, թե այն կապ չունի քննարկվող օրինագծի հետ:
Զ.Փոստանջյանը հակադարձեց, որ արագաչափերի գումարները գնում են անմիջապես Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների գրպանը, սակայն եթե այդ գումարները գնային սահմանին համապատասխան սարքավորումների ձեռքբերման համար, որպեսզի զոհեր չլինեն և անվտանգություն ապահովվի:
Գ.Սահակյանը նորից ընդհատեց Փոստանջյանին՝ նշելով, որ նրա ելույթները ծաղրի առարկա են դարձնում հենց իրեն, և նորից կարգադրեց անջատել խոսափողը:
«Միևնույնն է՝ խոսելու եմ»,- ընդվզեց Փոստանջյանը:
ԱԺ նախագահին «օգնության հասավ» ՀՀԿ-ական Ռուզան Մուրադյանը՝ տեղից ռեպլիկներ անելով Փոստանջյանի հասցեին: «Հասկանում եմ, որ գումարներ եք ստանում, բայց անհարմար է»,- Մուրադյանին պատասխանեց Փոստանջյանը:
«Ժառանգության» պատգամավորի խոսքով՝ երեկ երիտասարդները դեմ քվեարկեցին Սերժ Սարգսյանի ապօրինի նախաձեռնությանը, և մեր երկրում երջանիկ ապագա ունենալու համար պետք է պայքարը շարունակել: Նա գոհունակությամբ նկատեց, որ երեկ ինքն էլ է այրել Սերժ Սարգսյանի, Գագիկ Հարությունյանի և Տիգրան Մուկուչյանի խրտվիլակները: Այս խոսքից Գ.Սահակյանը կրկին բորբոքվեցք. «Էդպես չի կարելի, տիկին Փոստանջյան, ճիշտ բառ ընտրեցիք, ձեր ելույթը դրան է նման»:
Փոստանջյանն անջատված խոսափողով շարունակեց ու կոչ արեց այրել բոլոր այդ մարդկանց խրտվիլակները, ինչը կրկին հարուցեց Գ. Սահակյանի վրդովմունքը՝ «Առաջինը՝ ձեզ, սա անհնազադության տեղ չի, սա միտինգ չի»:
Փոստանջյանն անտեսեց Սահակյանի խոսքերն ու շարունակեց նույն ոգով, իսկ Գ.Սահակյանը հայտարարեց, թե ամբիոնը պղծելու տեղ չի, բայց Փոստանջյանը պղծում է իր խոսքերով: «Կանոնակարգի 45-րդ հոդվածը կկիրառեմ և ընդհանրապես կզրկեմ ձեզ նիստերից»,- սպառնաց Գ.Սահակյանը:
Փոստանջյանը նորից շարունակեց ու հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը կրկին խայտառակ եղավ: Ըստ նրա՝ մեր հասարակությունն իրապես դառնալու է քաղաքական պահանջատեր և քաղաքականությամբ զբաղվող: Զ.Փոստանջյանը նշեց, որ այսօր ժամը 16-ին Ազատության հրապարակում «Նոր Հայաստանի» շտաբը շարունակելու է իր անհնազանդության գործողությունները: