Շարմազանովը Փոստանջյանին՝ Գնացեք կրկեսությունն ուրիշ տեղ արեք
Այսօր ԱԺ նիստում կրկին քննարկվեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նստաշրջանում ընդգրկելու մասին հարցը:
Դրանով, հիշեցնենք, ամրագրվում է տարածքային պահանջատիրություն Թուրքիայից:
Զ. Փոստանջյանը հայտարարեց, որ մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանն ասաց, որ նա այլևս պահանջատեր չէ, նման օրինագծի ընդունմամբ ինքն ընկնելու է պատասխանատվության տակ և վախենում է նման պատասխանատվությունից:
«Նման միջադեպ չի եղել,- գործընկերոջն ընդհատեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու կարգադրեց անջատել նրա խոսափողը,- Զրպարտությունների շարքը թողեք»:
Գ.Սահակյանը հայտարարեց` որպեսզի հեղինակին չվիրավորեն, «այդ անհեթեթ որակումներով շարադրանքը, որը մեր ազգային երազանքն է, բայց ոչ օրենքի խնդիր», որոշել են, որ ՀՀԿ-ն քվեարկությանը չի մասնակցի:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն նույնպես չի մասնակցի քվեարկությանը:
8 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայներով օրինագիծը մերժվեց:
Զ.Փոստանջյանը հայտարարեց, թե հասկանում է, որ խոսքի ուժը շատ զորեղ է, բայց անհասկանալի է քաղաքական մեծամասնության վախը, որ անընդհատ անջատում են խոսափողը:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կրկին թույլ չտվեց Փոստանջյանին ավարտել խոսքը և կարգադրեց անջատել նրա խոսափողը. «Սա կրկես չի, Ազգային ժողով է, գնացեք կրկեսությունն ուրիշ տեղ արեք»: